ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի աշխատակազմին եւ պրոֆեսորադասախոսական կազմին է ներկայացրել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Սոնա Հովհաննիսյանին:

Արայիկ Հարությունյանը նշել է, որ բուհական համակարգը չի կարող անմասն մնալ հանրապետությունում սկիզբ առած բարեփոխումների գործընթացից եւ կոնսերվատորիայում տեղի ունեցող փոփոխությունները եւս այդ համատեքստում կարեւոր են. «Նոր ռեկտորի պաշտոնակատարը պետք է եռապատկի եւ քառապատկի ջանքերը, որպեսզի Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան լուրջ հաջողություններ արձանագրի: Սոնա Հովհաննիսյանը երաժշտական արվեստի ոլորտում հայտնի մարդ է եւ հավելյալ ներկայացնելու կարիք չունի: Այն հաջողությունները, որ նա ունեցել է իր ոլորտում` «Հովեր» երգչախմբի ղեկավարման ընթացքում, թույլ են տալիս վստահություն ունենալ, որ տիկին Հովհաննիսյանը կկարողանա լուծում  տալ իր առջեւ դրված խնդիրներին:

Մենք լիահույս ենք, որ կուտակած գիտելիքի եւ կարողությունների պաշարն ամբողջությամբ նա կներդնի կոնսերվատորիայի զարգացման համար»,- նշել է Արայիկ Հարությունյանը եւ հավելել, որ ԿԳ նախարարությունն իր լիազորությունների եւ պարտականությունների շրջանակում կանի ամեն ինչ, որպեսզի Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի զարգացումը կազմակերպվի արդյունավետ:

Միաժամանակ, Արայիկ Հարությունյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել նախկին ռեկտոր Շահեն Շահինյանին` բուհում կատարած տարիների աշխատանքի համար եւ շեշտել, որ նախկին ռեկտորին հիմնականում հաջողվել է լուծում տալ ընթացիկ խնդիրներին:

Ռեկտորի պաշտոնակատար Սոնա Հարությունյանը եւս շնորհակալություն է հայտնել  բուհի նախկին ռեկտորին` կատարած աշխատանքի համար: Նա իր խոսքում կարեւորել է հատկապես աշխատանքային բարենպաստ մթնոլորտի ձեւավորումը. «Մենք ապրում ենք անցումային փուլում եւ այդ առումով կարեւոր է անցման գործընթացի բնականոն կազմակերպումը: Յուրաքանչյուր մարդ իր մթնոլորտն է բերում եւ իր միջավայրն է ստեղծում: Ինձ համար կարեւոր է, որ մենք կարողանանք հանգիստ վերաբերվել այդ գործընթացին եւ ուղիղ նայել միմյանց»,- նշել է Սոնա Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նախկին ռեկտոր Շահեն Շահինյանը հրաժարական է ներկայացրել, եւ ԿԳ նախարարի հրամանով «Հովեր» երգչախմբի հիմնադիր-ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյանը նշանակվել է ռեկտորի պաշտոնակատար: