Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Ավստրիայի զինված ուժերի նախկին գնդապետի շուրջ ստեղծված իրավիճակը, որը կասկածվում է հետախուզական գործողություններ իրականացնելու մեջ, հայտնում է RT-ն։

Նախարարի խոսքով՝ այդ տեղեկությունը իրեն «ոչ հաճելիորեն զարմացրել է»։

«Համաձայն միջազգային շփումների նորմերի՝ պետք է ուղղակի դիմելով բացատրություններ պահանջել։ Վերջին ժամանակներս, ցավոք սրտի, մեր արեւմտյան գործընկերները իրավունք են իրենց վերապահել դիմել ոչ թե ավանդական դիվանագիտությանը, այլ «մեգաֆոնային» դիվանագիտությանը՝ հրապարակայնորեն մեղադրելով մեզ՝ հրապարակայնորեն բացատրություններ պահանջելով այնպիսի հարցերի շուրջ, որոնց մասին մեզ ոչինչ հայտնի չէ»,-նշել է Լավրովը։  

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ ներկայացուցիչը կանչվել է Ավստրիայի ԱԳՆ, իսկ Ավստրիայի ԱԳ նախարար Կարին Քնայսլը չեղարկել է իր այցը Մոսկվա։

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ Ավստրիայի զինված ուժերի նախկին գնդապետը կասկածվում է «երկար տարիների ընթացքում Ռուսաստանի հետախուզական ծառայության համար աշխատելու մեջ»: