Ադրբեջանը ուշադիր հետեւում էր Աստանայում ՀԱՊԿ գագաթաժողովին, Բաքուն հաշվի է առել գագաթաժողովից հետո ստորագրված փաստաթղթերը, ինչպես նաեւ վերջնական հայտարարությունը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետի տեղակալ Հիքմետ Հաջիեւը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Աստանայում ուրբաթ նեղ կազմով տեղի էր ունեցել ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի նիստը:
Ավելի վաղ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել էր, որ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները տարածաշրջանային բոլոր հարցերի շուրջ հասել են փոխըմբռնման եւ պայմանավորվել կազմակերպության դիտորդի եւ գործընկերոջ իրավական կարգավիճակի մասին:
«Ադրբեջանը ուշադիր հետեւում էր Աստանայում ՀԱՊԿ գագաթաժողովին, Բաքուն հաշվի է առել գագաթաժողովից հետո ստորագրված փաստաթղթերը, ինչպես նաեւ վերջնական հայտարարությունը: Այդ փաստաթղթերից մեկը դիտորդ եւ գործընկեր երկրների իրավական կարգավիճակի մասին է», — «Ազերթաջին» տված հարցազրույցում ասել է Հաջիեւը:
Ավելի վաղ ռուս-ադրբեջանական միջխորհրդարանական համագործակցության խմբի նախագահ Ալի Հուսեյնլին ասել էր, որ նոր աշխարհաքաղաքական պայմաններում կարելի է դիտարկել ՀԱՊԿ-ին Ադրբեջանի մասնակցության հարցը: ՀՀ ԱԳՆ-ն նշել էր, որ հարցի քննարկման դեպքում վետոյի իրավունք կօգտագործի:
ՀԱՊԿ-ի կազմում են Հայաստանը Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստան եւ Տաջիկստանը: