Ֆիլիպինյան դատարանը երկարատև ազատազրկման է դատապարտել երկրի նախկին նախագահ Ֆերդինանդ Մարկոսի այրուն՝  կոռուպցիայի մեջ մեղադրվող 89–ամյա Իմելդա Մարկոսին։ Ինչպես հայտնում է Reuters, Վերաքննիչ դատարանը նրան մեղավոր է ճանաչել դրամական միջոցները անօրինական  կերպով երկրից դուրս բերելու մեջ։

Դատարանը վճռել է, որ նա Մանիլայի նահանգապետ եղած ժամանակ 200 միլիոն դոլարի յոթ ապօրինի բանկային փոխանցում է կատարել Շվեյցարիայում գրանցված ֆոնդերի հաշվին։ Իմելդա Մարկոսը 6-ից 11 տարի պետք է անցկացնի ճաղերի հետևում՝ առաջադրված մեղադրանքներից յուրաքանչյուրով։

Ֆերդինանտ Մարկոսը Ֆիլիպինների նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1965 թվականից, իսկ 1972-ին անձի իշխանության ռեժիմ է սահմանել։ 1986 թվականին համաժողովրդական ապստամբության արդյունքում իշխանությունից զրկվելուց հետո նա փախել է ԱՄՆ, իսկ երեք տարի անց մահացել է Հավայան կղզիներում։ Նրա կինը զավակների ու թոռների հետ հայրենիք վերադառնալու հնարավորություն է ունեցել 1993-ին՝ իր հետ բերելով նաև ամուսնու մասունքները։Միայն այս տարի Ֆիլիպինների գործող նախագահ Ռոդրիգո Դուտերտեի օժանդակությամբ բռնապետի մասունքները հողին են հանձնվել Մանիլայի Հերոսների գերեզմանատանը։