Ամերիկյան Քալիֆորնիա նահանգում անտառային երեք հրդեհները տարածվել են մի քանի հազար հեկտար տարածության վրա։ Los Angeles Times-ը հայտնել է բնակչության եւ հրշեջների շրջանում բազմաթիվ տուժածների մասին։

Թերթը գրել է, որ նահանգի հյուսիսում բռնկված հրդեհը մոտ 8 հազար հա տարածք է ընդգրկել։ Անտառտնտեսության հակահրդեհային պաշտպանության քալիֆորնիական դեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Հադին ասել է, որ տեղեկություններ են ստացվում բազմաթիվ տուժածների, հիմնականում Փարադայս քաղաքում ավերված շենքերի մասին, սակայն ստույգ տվյալներ դեռեւս չկան։

Լոս Անջելեսից հարավ բռնկված երկու հրդեհների միասնական տարածքը մոտ 7 հազար հա է։ Ուրբաթ առավոտյան սկսվել է 75 հազար շենքերից տարհանումը։

Հինգշաբթի առավոտյան բռնկված անտառային հրդեհները ուժեղ քամու հետեւանքով շատ մեծ արագությամբ տարածվել են։ Ավելի քան 2000 հրշեջ է մասնակցում դրանց մարման աշխատանքներին, սակայն կրակն առայժմ վերահսկողությունից դուրս է՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։