Նոյեմբերի 9–ի դրությամբ մոտ 1000 քաղաքացի է դիմել անձնագրային ծառայություն՝ ԱԺ արտահերթ ընտրություններին պատգամավորի թեկնածուի առաջադրման համար պահանջվող տեղեկանք ստանալու։

Այս մասին NEWS.am–ին հայտնեց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը։

Նա ասաց, որ ներկայացված դիմումներից 13–ը մերժվել է՝  «Ընտրական օրենսգրքով» սահմանված պահանջներին չբավարարելու հիմքով։

Նշենք, որ անձնագրային ծառայության կողմից տրվող տեղեկանք ստանալու համար անձը պետք է բավարարի հետևյալ պահանջներին.

1. սույն թվականի դեկտեմբերի 9-ի դրությամբ պետք է լրացած լինի 25 տարին,

2. դիմում տալու օրվան նախորդող 1461 օրերի ընթացքում 731 և ավելի օր բացակայած չլինի Հայաստանից,

3. դիում տալու դրությամբ վերջին չորս տարին եղած լինի միայն Հայաստանի քաղաքացի:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին։ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունները փաստաթղթերը պետք է Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնեն մինչեւ նոյեմբերի 14-ը՝ ժամը 18։00-ը, իսկ կուսակցությունների կամ դաշինքների ընտրացուցակների գրանցումը պետք է կատարվի նոյեմբերի 14-ից 19-ը ժամանակահատվածում: