Apple Inc.-ը մի շարք թերություններ է հայտանաբերել մի քանի iPhone X-երում եւ 13 դույմով MacBook Pro նոութբուքերում, հայտնում է «ՌԲԿ»-ն՝ վկայակոչելով Bloomberg-ին։

Մամուլի ծառայության փոխանցմամբ՝ խնդիրները կապված են այն բանի հետ, որ մի քանի iPhone X սմարթֆոնների դիսփլեյը չի արձագանքում, երբ հպվում են նրան, կամ էլ արձագանքում է, բայց ոչ միշտ։ Բացի այդ, սենսորային էկրանը կարող է սկսել աշխատել նույնիսկ եթե նրան չեն հպվում, հայտնում են Apple-ի մասնագետները։

Բացի այդ, թերություններ են նկատել նաեւ 13 դույմով MacBook Pro-ներում։ Սահմանափակ քանակությամբ նոութբուքերի մոտ կան խնդիրներ, որոնք կարող են բերել տվյալների կորստի ու կոշտ հիշողության (SSD) աշխատանքի խափանման։

Թերությունները, ինչպես նշել են Apple-ում, կարող են լինել 128 եւ 256 ծավալ հիշողությամբ համակարգիչներում։ MacBook Pro-ում խնդիրների լուծման համար Apple-ն առաջարկում է դիմել նոութբուքերի անվճար վերանորոգման ծառայությանը, իսկ iPhone X-ի պարագայում ընկերությունը պատրաստվում  է անվճար փոխել չաշխատող էկրանները։