Ժիրայր Սեֆիլյանի դիմումը հետին ամսաթվով քաղաքացիություն ստանալու համար մերժվել է։

NEWS.am–ին  «Սասնա ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Հերմինե Մկրտչյանը հայտնեց, որ Սեֆիլյանն օգոստոսի 1-ին դիմել էր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հետին ամսաթվով ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, սակայն, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանից պատասխան են ստացել, որ այդ հարցը կարող է լուծվել դատական կարգով։ Այս առնչությամբ «Սասնա ծռեր» կուսակցության տարածած հաղորդագրության մեջ ասվում է․ «ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարն ըստ էության արձանագրում է, որ չկա Ժիրայր Սէֆիլյանին հետին թվով քաղաքացիություն շնորհելու ցանկություն և կամք և, եթե Ժիրայր Սէֆիլյանը համաձայն չէ այդ որոշման հետ, ապա կարող է դիմել դատարան»։

Նշենք, որ Սեֆիլյանը դիմել է նաև բնականոն ընթացակարգով քաղաքացիություն ստանալու համար, սակայն, դրա պատասխանը նույնպես չկա։ Ամենայն հավանականությամբ, Սեֆիլյանը չի կարողանա մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, քանի որ չի հասցնի մինչեւ այդ քաղաքացիություն ստանալ։