«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունը գրպանային ընդդիմություն չի համարում։ Այսօր՝ նոյեմբերի 10-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նա ասաց, որ գրպանային ընդդիմություն է համարում այն բոլոր քաղաքական ուժերին, որոնք ժողովրդին մեկ այլ բան ասելով՝ հայտնվել են պառլամենտում, ապա արել են մեկ ուրիշ բան․ «Օրինակ՝ ճակատագրական առանցքային հարցերի քվեարկություններում նրանք դրսեւորվել են ճիշտ այնպես, ինչպես ՀՀԿ-ն ցանկացել է․ ես դրա հետությունը թողում եմ մեր քաղաքացիներին։ Առիթի դեպքում մենք ամեն ինչի մասին կխոսենք շիտակ, բաց դեմքերին եւ կասենք ով ինչ է արել եւ ինչի է ունակ»։

Նա նշեց, որ «Հանրապետություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների դաշինքը հավակնում է լինել իշխանությունների գլխավոր ընդդիմախոսը, որը բովանդակային եւ զարգացման տեսլականի առումով նոր թարմացում կբերի․ «Քաղաքական այն ուժն ենք հավակնում լինել, որ նաեւ կօժանդակի այն անհրաժեշտ փոփոխություններին, որոնք այսօրվա կառավարությունը նախաձեռնել է»։

Քոքոբելյանը համոզված է՝  ՀՀ-ում իմիտացիոն ժողովրդավարական գործընթացներից պետք է անցնել  ռեալ ժողովրդավարության․ «Օրինակ՝ ՀՀ-ում քաղաքական ուժեր կան, որոնց ղեկավարները կամ ներկայացուցիչները երբեմն այլ երկրների շահերն ավելի ջանասիրաբար են պաշտպանում, քան նրանց դեսպանները ՀՀ-ում, կամ պետության ղեկավարները: Որեւիցե մեկին չեմ ուզում նշել, բայց ՀՀ քաղաքական դաշտի առողջացման բացառիկ հնարավորություն կա, այսինքն՝ ընտրել եւ՛ ուժեղ իշխանություն, եւ՛ բովանդակային ու ուժեղ ընդդիմություն։ Քաղաքական համակարգը կայացած կլինի այն ժամանակ, երբ ՀՀ-ն կունենա ընտրված ուժեղ բովանդակային իշխանություն եւ բովանդակային ընդդիմություն»։

Նա շեշտեց՝ նրանք, ովքեր Արամ Սարգսյանին կմեղադրեն անսկզբունքայնության համար, առնվազն ինքնաբամբասանքով կզբաղվեն։

«ՀՀԿ-ից ես չեմ լսել որեւիցե մեղադրանք Արամ Սարգսյանի եւ «Հանրապետություն» կուսակցության մասին։ Որոշ ուժերի հետ կապված լսել եմ, երբեմն համաձայն եմ, որովհետեւ իրենք հո գիտեն, թե ով է իրենց գրպանում եղել»,- նշեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդը՝ հավելելով, որ ՀՀԿ-ն մինչ ընդդիմություն դառնալը պետք է ապացուցի, որ ինքնամաքրվել է, առաջին հերթին օլիգարխներից։