Կրասնոդարի հիվանդանոցներից մեկի բժիշկը հրաժարվել է հիվանդի համար ինսուլինի դեղատոմս գրել, քանի որ նա չի հասցրել ներկայանալ ընդունելության ժամին, փոխանցում է «Дождь»-ը:

Հիվանդի եւ բժշկի խոսակցությունը հրապարակվել է YouTube-ում:

Հոլովակը նկարահանել է հիվանդը: Նա փորձում է բժշկին բացատրել, որ իրեն ընդունելության համար մայրն է գրանցել, բայց ինքը չի կարողացել գալ, քանի որ այլ քաղաքում էր: Բժիշկն աղջկան խորհուրդ է տվել ժամանակին գալ: Այնուհետեւ հոլովակն ընդհատվում է եւ այն պահին միանում, երբ  բժիշկն ասում է. «Թեկուզ շունչդ փչես, դուրս չեմ գրի»:

Ավելի վաղ ՏԱՍՍ լրատվական գործակալությունը հայտնել էր, որ միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 8-ին Կրասնոդարի երկրամասի Սեւերսկի Կենտրոնական շրջանային հիվանդանոցում: Հիվանդանոցի գլխավոր բժիշկ Մանոլիս Անանիկովի խոսքով՝ բժիշկը հաջորդ օրը աշխատանքից հեռացվել է:

«Բժիշկը, որը հիվանդի հանդեպ ոչ կոռեկտ վերաբերմունք է դրսեւորել, հեռացվել է: Աղջկան ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն, նրան 3 ամսվա ինսուլին են դուրս գրել»,- ասել է նա: