Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին եղել է Հայաստանի քաղաքական ամենամեծ վրիպումը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը։

«Մենք երբեք մեր հայտարարություններից եւ սկզբունքներից չենք հրաժարվում։ Մենք համարել ենք եւ համարում ենք, որ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին եղել է Հայստանի քաղաքական դաշտի ամենամեծ վրիպումը։ Ես չեմ կարծում, թե Հայաստանը պետք է վատացնի իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, ավելին՝ մենք համարում ենք, որ Հայաստանը պետք է առողջացնի իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, եւ ստեղծի շատ գործընկերային հարաբերություններ, ինչը նախկինում բացակայել է։ Ես հույս ունեմ, որ նոր կառավարությունում այդ ուղղությամբ լիարժեք քայլեր կանեն»,– ասաց նա։

Քոքոբելյանը նշեց, որ անդամակցությունը ԵԱՏՄ-ին նախորդ իշխանությունների կողմից «փաթեթավորվեց» որպես անվտանգային կարեւոր հարց։ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահի կարծիքով՝ ձեւական է նաեւ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ–ին։

«Դուք հիշում եք մի դեպք, որ ՀԱՊԿ–ն ադեկվատ գործողություն է կատարել, երբ Հայաստանի պետական սահմանը խոցվել է, էլ չեմ խոսում Արցախի մասին։ Մի երկու անգամ եղել է, որ միջազգային կոշտ հայտարարություններից հետո հերթապահ հայտարարություններ են արել»,- նշեց նա։

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն էլ ասաց, որ ինքը նույնպես շարունակում է դեմ լինել Հայաստանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին, խորհրդարանում էլ դեմ է քվեարկել այդ հարցին։

Հավելենք, որ «Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները այսօր՝ նոյեմբերի 10-ին, հուշագիր են ստորագրել, որի համաձայն՝ Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին կմասնակցեն դաշինքով։