Բացառված չէ, որ «Մենք»-ի ցուցակում լինեն ընդդիմադիր դաշտում հանդես եկած որոշ քաղաքական գործիչներ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոոբելյանը։

«Շատ հետաքրքիր ցուցակ կստացվի․ մեր ցուցակում չի լինելու կոռումպացված, հանցագործ սխեմաներում տեղավորված, հասարակության մատից փուշ չհանած, հասարակությանը հարստահարած, ոչ պրոֆեսիոնալ մարդիկ»,- ասաց Քոքոբելյանը։

«Հանրապետություն» կուսակցություն նախագահ Արամ Սարգսյանն էլ ասաց, որ իրենք կողմ են դաշինքային ձեւաչափով արտահերթ ընտրություններին մասնակցելուն, սակայն «Լույս» դաշինքը  չպահպանվեց, ինչի պատճառով ստեղծվեց «Մենք» դաշինքը։

Հարցին, թե ինչն էր պատճառը, որ «Լույս» դաշինքը տապալվեց Արամ Սարգսյանն ասաց. «Այդ հարցը կարող եք տալ «Լուսավոր Հայաստանին», հավանաբար իրենք համարում են, որ իրենց ուժերը բավարար են միայնակ մասնակցելու համար․ իրենց հարցրեք։ Մեր կուսակցությունը դաշինքային հարաբերությունների կողմնակից է, ի սկզբանե «Լույս» դաշինքը ստեղծվել էր խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար, բայց ես արդեն ներողություն եմ խնդրել, «Լուսավոր Հայաստանն» էլ մեկնաբանել է։ Ես նաեւ այստեղ եմ դրական բան տեսնում, թող ԼՀԿ-ն իր ուժերը փորձի, երիտասարդ կուսակցություն է։ Կարծում եմ՝ «Մենք»–ն էլ հաջողություն կունենա»։

Հիշեցնենք, որ «Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները այսօր՝ նոյեմբերի 10-ին, հուշագիր են ստորագրել, որի համաձայն՝ Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին կմասնակցեն դաշինքով։