Արցախի հակամարտության կարգավորման գործում Հայաստանի նոր իշխանությունների դիրքորոշումը դեսպան Արման Կիրակոսյանը նոյեմբերի 8-ին ներկայացրել է ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1200-րդ նիստին։ Այս մասին NEWS-am-ը տեղեկանում է ԱԳՆ լրատվության վարչությունից։ 

ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության ղեկավարը առանձնացրել է մի շարք կարևոր կետեր։

Առաջին, Արցախի ժողովրդի կարգավիճակն ու անվտանգությունը հակամարտության լուծման առանցքային հարցերից են և հանդիսանում են Հայաստանի բացարձակ առաջնայնությունը:

Երկրորդ, Արցախի ժողովուրդն ու իշխանությունները պետք է վճռական ձայն ունենան հակամարտության կարգավորման գործում: Արցախի և նրա ժողովրդին հակամարտության կարգավորման գործընթացից օտարելու ցանկացած փորձ հակասում է թե՛ հակամարտության ծագման պատճառներին, թե՛ առկա իրականությանը: Արցախը բնակեցված է իր բնիկ ժողովրդի կողմից, որը պատմականորեն մշտապես բացարձակ մեծամասնություն է կազմել, ներառյալ` հակամարտության բոլոր փուլերում:

Երրորդ, Հայաստանը շարունակում է աջակցել Մինսկի խմբի համանախագահների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, ջանքերին, որոնք ուղղված են հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծմանը:

Չորրորդ, հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում և ռազմական սցենարները պետք է անվերապահորեն մերժվեն: 2016թ. ապրիլի ռազմական արկածախնդրությունը բացասական ազդեցություն ունեցավ խաղաղ գործընթացի վրա: Ներկայիս դրական դինամիկային, որը ձևավորվել է վերջին հանդիպումների և Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում, պետք է հետևի Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում արդեն իսկ համաձայնեցված վստահության և անվտանգության ամրապնդման միջոցառումների իրականացումը, որի հետևանքով պետք է ամրապնդվի ԵԱՀԿ ներկայությունը հակամարտության գոտում:

Հինգերորդ, խաղաղությանը նպաստող միջավայրի ստեղծումը պահանջում է ոչ միայն լարվածության նվազեցում և մոնիտորինգային մեխանիզմների ներդրում, այլև ժողովուրդներին խաղաղության նախապատրաստում: Թշնամական հռետորաբանությունն ու առավելապաշտական դիրքորոշումները կասկածի տակ են դնում փոխզիջման հնարավորությունները:

Դեսպան Արման Կիրակոսյանը ընդգծել է, որ 2018թ. նշանավորվում է կարևոր տարեդարձով. 1988թ. փետրվարին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մարզային խորհուրդը որոշում կայացրեց` խնդրելով Խորհրդային Հայաստանին և Խորհրդային Ադրբեջանին ըմբռնումով մոտենալ Ղարաբաղի հայ բնակչության կամքին և իղձերին ու համաձայնել մարզը Ադրբեջանի կազմից Հայաստանի կազմ տեղափոխելու հետ: Ինքնորոշման այս հայտին ի պատասխան Ադրբեջանն իրականացրեց բռնություններ, տեղահանումներ և ոճրագործություններ, սանձազերծեց պատերազմ:

Դեսպան Կիրակոսյանն նշել է նաև, որ հայ ժողովուրդն այսօր էլ մեծապես արժևորում է ժողովրդավարությունն և մարդու իրավունքների պաշտպանությունը, ինչը փաստվեց այս գարնանը Հայաստանում խաղաղ և ժողովրդավարական փոփոխություններով, որի արդյունքում այս դեկտեմբերին կայանալու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: