Արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը կմասնակցի ռեյտինգային ցուցակով: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 10–ին, լրագրողների հետ զրույցում ասաց նախարարի պաշտոնակատարը՝ պատասխանելով հարցին, թե արտահերթից հետո նոր կառավարության կազմում կլինի՞, թե՞ խորհրդարանում:

«Ես մասնակցելու եմ խորհրդարանական ընտրություններին, լինելու եմ պատգամավորի թեկնածու և արդյունքներով է որոշվելու, թե որտեղ կլինեմ: Ժողովուրդն է որոշելու ներկապնակը և՛ քաղաքական, և՛ գործադիր իշխանության: Կրկնեմ՝ կուսակցականները ախոյաններ չեն, նախկին ձևաչափերը պետք է վերանան, թշնամություն և ընդդիմություն եզրույթները հոմանիշներ չեն լինելու»,- ասաց Զեյնալյանը:

Հարցին, թե Փաշինյանը գոհ է իր աշխատանքից, Զեյնալյանն ասաց. «Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը գոհ է, իսկ դուք գո՞հ եք իմ աշխատանքից»:

Հիշեցնենք, որ «Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները այսօր՝ նոյեմբերի 10-ին, հուշագիր են ստորագրել, որի համաձայն՝ Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին կմասնակցեն դաշինքով։