Գերմանիայում ապաստան է հայցել Աֆղանստանից բարձրաստիճան մի դիվանագետ, հայտնում են Süddeutsche Zeitung-ը եւ WDR ու NDR հեռուստաալիքները: Բեռլինի դիվանագիտական շրջանակներում նրանց աղբյուրների տեղեկացմամբ՝ աֆղանստանցի պաշտոնյան, որը մինչեւ հոկտեմբերի վերջը աշխատել է Գերմանիայում դիվանագիտական առաքելություններից մեկում, «անտանգության նկատառումներից ելնելով» չի ցանկանում հայրենիք վերադառնալ:

Քաբուլ մեկնելու փոխարեն, դիվանագետը դիմել է գերմանական ոստիկանությանը եւ ապաստան տրամադրելու հայտ ներկայացրել: Հայտն արդեն գրանցվել է Միգրացիայի եւ փախստականների դաշնային գերատեսչությունում (BAMF):

Այս դեպքը Գերմանիայի իշխանություններին կարող է անհարմար վիճակում դնել, նշում է Süddeutsche Zeitung-ը՝ հիշեցնելով վերջին ամիսներին ՆԳ նախարար Հորսթ Զեեհոֆերի նախաձեռնությամբ աֆղանստանցիներին արտաքսելու ակտիվացումը, որոնց ապաստան ստանալու հայտերը մերժվել են: Հուլիսին չեղարկվել էր Աֆղանստան արտաքսելու ժամանակավոր արգելքը, որը գործողության մեջ էր մտել 2017 թվականի գարնանը Քաբուլում Գերմանիայի դեսպանատան վրա հարձակումից հետո: Հիմք է հանդիսացել Գերմանիայի ՆԳՆ հաշվետվությունը, որում Աֆղանստանում անվտանգության հետ կապված իրավիճակը բնորոշվել էր որպես մինչեւ հիմա «փոփոխական», սակայն որոշ բարելավումով:

Գերմանիայի ՆԳՆ տվյալներով՝ 2018 թվականին Գերմանիայից հայրենիք է վերադարձել 228 աֆղանստանցի

2013 թվականին ծառայությունն ավարտելուց հետո հրաժարվել էին հայրենիք վերադառնալ մոտ 100 աֆղանստանցի դիվանագետներ, որոնք աշխատել են աշխարհի տարբեր երկրներում: Դա տեղի էր ունեցել Աֆղանստանում անվտանգության պահպանման միջազգային ուժերի ռազմական առաքելության զինվորներին դուրս բերելուց կարճ ժամանակ առաջ, ինչը երկրի ապագայի համար մտավախություններ էր առաջացրել, նշում է Süddeutsche Zeitung-ը: