Պետերբուրգում ակադեմիկոս Պավլովի փողոցում այրվել է НТВ հեռուստաընկերության արչտասահմանյան մակնիշի ավտոմեքենան: Անհայտ անձը գիշերը նախ փորձել է կոտրել ապակին եւ դյուրավառ խառնուրդը նետել գրասենյակի մուտքի դռան վրա, փոխանցում է Фонтанка.Ру-ն: 

Գործակալությունը հայտնում է, որ հրկիզման փաստը քննում են ԱԴԾ-ում, որտեղ արդեն դիտում են տեսանյութը: «Ֆոնտանկան» տեղեկացել է, թե ինչ արտաքին ուներ չարագործը, եւ դա ինչի հետ կարող էր կապված լինել:

«Ֆոնտանկայի» տեղեկություններով՝ նոյեմբերի 10-ին, գիշերը մոտ 2:30-ին անհայտ անձը մոտեցել է ակադեմիկոս Պավլովի փողոցի 14Ա հասցեում գտնվող գրասենյակային կենտրոնին եւ դյուրավառ խառնուրդով շիշը նետել շենքի դռան վրա: Հիշեցնենք, որ այստեղ արդեն երկար տարիներ առաջին հարկում գտնվում է НТВ-Սանկտ Պետերբուրգ խմբագրության գրասենյակը: Չնայած դուռը կիսով չափ ապակյա է, «Մոլոտովի կոկտեյլը» ապակուց հետ է ցատկել կից կանգնած արտասահմանյան մակնիշի մեքենայի վրա: Արդյունքում տուժել է հեռուստաընկերության ծառայողական «Ֆոլքսվագենը»:

ԱԻՆ աշխատակիցներին իրադարձության մասին ահազանգել է մի պետերբուրգցի, որը պատահաբար անցել է այդտեղով: Նշենք, որ վարորդն առաջինն է օգնության շտապել եւ նույնիսկ փորձել է կրակն ինքնուրույն մարել:

«Ֆոնտանկային» հայտնի է դարձել, որ տեղի ունեցածով զբաղվում են ԱԴԾ մարզային վարչության Սահմանադրական կարգի պաշտպանության եւ ահաբեկչության դեմ պայքարի ծառայության աշխատակիցները: Համապատասխանաբար՝ այս պահին վարկածներից մեկը ծայրահեղականությունն է: Այսինքն՝ կապված НТВ-Սանկտ Պետերբուրգի կամ դաշնային НТВ-ի ռեպորտաժների հետ:

Անհրաժեշտ է, սակայն, նշել, որ այս գրասենյակային կենտրոնում են աշխատում ոչ միան НТВ-ի լրագրողները: Այսպես՝ այնտեղ են գտնվում նաեւ «Վեկտոր» ԳՀԻ-ի (անցյալ տարվա շահույթը կազմել է 3 մլրդ ռուբլի) մենեջերների հաստատությունը եւ «Ինտեգրալ փորձարարական գործարան» ԲԸ-ն (շահույթը՝ 306 մլն ռուբլի):

Տեղի ունեցածի իրավական գնահատականի տեսակետից՝ այս պահին ամեն ինչ միանշանակ չէ: Պաշտոնապես մեքենայի հրկիզումը պարունակում է «ունեցվածքի դիտավորյալ ոչնչացման» հանցակազմ, սակայն շիշը փաստացի նախ նետվել է դռան վրա: Իրավապահները, հավանաբար, կանգ կառնեն դասական խուլիգանության վրա, քանի որ իրավախախտի դրդապատճառներն առայժմ հայտնի չեն: Ինչ վերաբերում է նրա անձին, ապա «Ֆոնտանկայի» տեղեկություններով՝  Պետանվտանգության օպերատիվ աշխատողներն արդեն առգրավել են ինչպես շենքի վրա, այնպես էլ նրան մոտենալու եւ նրանից հեռանալու ճանապարհներին տեղադրված խցիկների տեսանյութերը: Դրանցում երեւում է, որ տղամարդը մոտ 30 տարեկան է: Ընդ որում՝ ակցիան կատարելիս նրա դեմքը բաց է եղել: