Սյունիքի մարզպետ, նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը հերքում է, որ բռնության է ենթարկել Նորք- Մարաշի զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանին: Նախկին փոխոստիկանապետը NEWS.am-ի հետ զրույցում պնդեց՝ դա սուտ է եւ հերյուրանք իր հասցեին:
«Դուք ինքներդ էլ գիտեք, որ նման բանը իրականությանը չի կարող համապատասխանել, դա սուտ է եւ հերյուրանք: Դրան մեկնաբանություն չկա: Իրենց ասելը շատ քիչ է: Քիչ թե շատ ինձ ճանաչողը գիտի, որ դա սուտ է եւ հերյուրանք, ստերի հերթական շարքից, որոնք չգիտես ինչու սկսեցին տարածվել իմ նշանակումից հետո»,- ասաց Հունան Պողոսյանը:
Նախկին փոխոստիկանապետը հերքեց նաեւ Շանթ Հարությունյանի եւ ընկերների գործով իր հասցեին հնչող մեղադրանքները:
«Քննությամբ այդ ամեն ինչը հիմնավորվում է, կարող եք դուք դա հարցնել պատկան մարմիններին: Իմ նշանակման պահից սկսեցին այդ լուրեր: Կան համապատասխան մարդիկ, որոնց դուր չի գալիս իմ նշանակումը, բայց բարեբախտաբար նման մարդիկ քիչ են»,- հավելեց Հունան Պողոսյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նորք–Մարաշի զինված գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանը Սյունիքի մարզպետ, նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի դեմ բողոք կներկայացնի գլխավոր դատախազին՝ իրեն խոշտանգելու եւ պաշտոնեական դիրքը չարաշահելու համար: