Ավստրիայի նախագահը եւ ավստրիական բանակի գերագույն գլխավոր հրամանատար Ակեքսանդեր Վան դեր Բելենը չի պատրաստվում Փարիզում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ավստրիացի պահեստազորի սպայի գործը, ում Վիեննան կասկածում է Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ո՛չ: Երբ մի քանի տասնյակ պետությունների ղեկավարներ եւ նախագահներ կլինեն Փարիզում, Պուտինի հետ երկկողմ հանդիպում չի նախատեսվում»,- ավստրիական О-1 հանրային ռադիոյի եթերում ասել է Վան դեր Բելենը՝ պատասխանելով հարցին՝ ՌԴ նախագահի հետ արդյոք կքննարկի՞ լրտեսության մեջ կասկածվող ավստրիացի պահեստազորի գնդապետի գործը:

Վան դեր Բելենը նաեւ կոչ է արել Ռուսաստանի հետ հարաբերությունները չդրամատիզացնել:

«Դա (լրտեսության մեջ կասկածելու գործը) նախ պետք է քննել: Տեսնենք դրա մեջ կա՞ շատ ավելի մեծ բան, քան, այսպես ասած, մոգոնած պատմությունը, այդ ժամանակ անհրաժեշտ կլինի համապատասխան միջոցներ ձեռնարկել,- պատասխանել է երկրի նախագահը: - Հիմա հարկավոր է քննել՝ դա արդյոք ճի՞շտ է, արդյոք մեղադրանքը ճի՞շտ է, ի՞նչ տեղեկությունների է հասանելիություն ունեցել սպան, սա արդյոք վերաբերո՞ւմ է ավստրիական ազգային գործերին, թե՞ դա վերաբերում է տարբեր բանակցություններին, օրինակ՝ ՆԱՏՕ-ի հետ, այս ամենը պետք է պարզել: Ներկա պահին ես դա դրամատիզացնելու առիթ չեմ տեսնում»:

Նրա խոսքով՝ ավելի լավ կլիներ, որ պահեստազորի սպայի ենթադրյալ գործունեությունը բացահայտված լիներ ավստրիական հետախուզության կողմից, բայց հենց նման դեպքերի համար գոյություն ունի գործընկեր հատուկ ծառայությունների հետ համագործակցությունը:

Ավստրիայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը ընդհանուր առմամբ գոհ է երկրի հատուկ ծառայությունների աշխատանքից:

Նոյեմբերի 11-ին Փարիզում կանցկացվի Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակին նվիրված հանդիսություն: Դրանից բացի, այնտեղ կբացվի Խաղաղության փարիզյան համաժողովը: Միջոցառումներին կմասնակցեն ՌԴ եւ Ավստրիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ալեքսանդեր Վան դեր Բելենը: