Տիկին Սուսաննան 4 տարի առաջ է բնակարան ստացել Սպիտակի երկրաշարժից հետո կառուցված «Մուշ» թաղամասում: Մինչ այդ նա, ինչպես Շիրակում ու Լոռիում հազարավոր այլ ընտանիքներ, ստիպված էր երկար տարիներ  բնակվել ժամանակավոր տնակում եւ իր հերթին սպասել:

Տիկին Սուսաննան NEWS.am-ի նկարահանող խմբին դիմավորում է հյուրընկալորեն լայն բացված դռան մոտ: Ճանապարհից եղած հյուրերին կերակրելու փորձեր է կատարում եւ պարտադիր սուրճ հյուրասիրում: Սեւ ու բուրավետ:

Խոնավ տան մեջ ապրելու հետեւանքով հիվանդ են տիկին Սուսաննայի ոտքերը եւ բրոնխները, այնպես որ՝ անգամ սուրճ պատրաստելը ջանքեր է պահանջում: Նա կտրականապես հրաժարվում է հյուրերի օգնելու առաջարկից: Տիկին Սուսաննան 43 տարի հրահանգիչ է աշխատել մանածագործական ֆաբրիկայում, սակայն ինչ-որ պատճառով ստաժը չի գրանցվել, եւ նրա թոշակը կազմում է 40 հազար դրամից մի փոքր ավելի:

«Չնայած ցրտին, չեմ համարձակվում ջեռուցումը միացնել, այլապես ստիպված կլինեմ ամբողջ թոշակս կոմունալ ծառայություններին տալ: Ուտելիքին էլ արդեն չի բավականացնում»,- նշում է տիկին Սուսաննան:

Նա Գյումրիում ազգականներ գրեթե չունի: Եղբայրը Մոսկվայում է: Տիկին Սուսաննայի ամուսինը մի քանի տարի առաջ է մահացել: Ընտանիքում երեխաներ չկան:

«Բնակարանում շատ խնդիրներ կան՝ ծորակներն անորակ են, որոնց պատճառով պատը խոնավացել է: Բնակարանում շատ բան էինք ստիպված փոխել: Բայց, միեւնույն է, տնակից լավ է: Մենք ամբողջ հոգով շնորհակալ ենք ստացած բնակարանի համար»,- շեշտում է տիկին Սուսաննան:

Թաղամասում մի քանի փուլով կատարված կառուցապատումների շենքեր կան: Ինչպես միաձայն արձանագրում են մարզպետարանի ներկայացուցիչները եւ բնակիչներն իրենք, «Գլենդել Հիլզի» ավելի վաղ կատարած կառույցները վատ որակ ունեն:

Չնայած մեր բողոքներին, տիկին Սուսաննան ճանապարհի համար մեր գրպաններն է խցկում շոկոլադե կոնֆետներ: