Տիկին Պայծառի ընտանիքը մեկ տարի է, ինչ քարից կառուցված տուն է տեղափոխվել: Նախորդ 29 տարիներին ընտանիքը ստիպված էր պատսպարվել ժամանակավոր կացարանում:

Երկհարկանի տունը գնվել է՝ «վաուչեր տուն գնելու համար» պետական ծրագրի շրջանակում: 

Տիկին Պայծառի փոքրիկ թոռները հետաքրքրությամբ զննում են հյուրերին: «Վերջապես կարող ենք մարդավայել ապրել»,- ձեռքերն է տարածում տանտիրուհին: Ժամանակավոր տնակից հետո նորմալ պայմաններով նորմալ տունը անսովոր ընդարձակ է: «Ամենակարեւորն այն է, որ այստեղ կոմունալ հարմարություններ կան»,- հավելում է տիկին Պայծառի դուստրը՝ Աննան:

Տունը, որտեղ ապրել է տիկին Պայծառի ընտանիքը, ով այդ ժամանակ երիտասարդ հարս էր, փլուզվել է: «Երեխաները տնակում են ծնվել: Որդիս տնակում է ամուսնացել, աղջկաս էլ տնակից ենք ամուսնացրել»,- նշում է տիկին Պայծառը:  

Միայն թե տունը նորոգել չեն կարողացել՝ փողը միայն գնմանն է բավականացրել: «Ոչինչ, Աստված մեծ է, ժամանակի ընթացքում կվերանորոգենք: Սա չի գլխավորը: Գլխավորն այն է, որ վերջապես գլխներիս վրա ամուր տանիք ունենք»,- ասում է տանտիրուհին՝ տանը կատարած փոքր էքսկուրսիայի ժամանակ:

Նշենք, որ ծրագրի շրջանակում նրա մասնակիցներին տրամադրվել է տունն ինքնուրույն ընտրելու հնարավորություն: Եթե տան արժեքը գերազանցել է վաուչերի չափը, ընտանիքն իրավունք ուներ ավելացնել պակասող մասը: Իսկ եթե տունն ավելի էժան է եղել, քան վաուչերը, տարբերությունը մնում էր ընտանիքին: Վաուչերի չափը կախված է կորցրած սենյակների թվից: 2000-ից 2017 թվականներին ծրագրի շրջանակում կարողացել են բնակարան գնել 6048 ընտանիքներ: