«Մենք հստակ հայտարարում ենք, որ «Բարգավաճ Հայաստանը» այս հեղափոխության մաս է, մենք այս հեղափոխության կրողն ենք եւ անելու ենք ամեն ինչ, որպեսզի այս հեղափոխությունը մեր երկրում դառնա անշրջելի: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Մենք պետք է անցնենք արդեն տնտեսական հեղափոխության, որ մեր երկիր սկսեն գալ ներդրումներ, իսկ դրա համար երկրում պետք է քաղաքական կայունություն եւ վստահություն: Մնացածը լիրիկայի եւ ազգային ավանդական մեր քաղաքական անառողջ մշակույթի, ժողովրդագրության առասպելաբանության ժանրից է»,-ասաց նա:

Նա դժվարացավ կանխատեսել, թե ինչպիսին կլինի ընտրությունների արդյունքը, քանի որ առաջին անգամ է, որ երկրում տեղի են ունենում այնպիսի ընտրություններ, երբ միակ արժեքը ընտրողի քվեն է:

Հարցին, թե ՀՀԿ-ի մասնակցությունը ընտրություններին չի՞ բարդացրել իրենց գործը, Նաիրա Զոհրբյանը պատասխանեց. «Իմ կարծիքով՝ ոչ: Մեր կյանքը որեւէ մեկը չի կարող բարդացնել»: