Այս Ամանորին քաղաքացիների ծախսերը նախորդ տարվա համեմատ կավելանան 10-15 տոկոսով։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, հրավիրված մամուլի ասուլիսին ասաց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը։

«Նախորդ տարվա համեմատ Ամանորը մոտ 10-15 տոկոսով ծախսատար կլինի։ Մսամթերքը, կաթնամթերքն, ամեն ինչ թանկացել է՝ բացի բանանից եւ խմիչքից»,–ասաց նա։

Գյուղատնտեսության վիճակն, ըստ գյուղատնտեսի անմխիթար է, պատճառն էլ ոլորտում  ոլորտում պատահական մարդկանց հայտնվելն է:

Բերբերյանի խոսքով՝ այս տարի ցանքատարածությունները կրճատվել է 6.5 հազար հեկտարով, որի հետևանքները դեռ կզգացվի ապագայում։

«Կարտոֆիլն արդեն թանկ է, մի հատ էլ ձյուն դրեց միանգամից գինը կբարձրանա, էլ չասած, որ գարնանը կարտոֆիլ հնարավոր կլինի գնել 300-350 դրամով, ոչ պակաս: Միսն էլ է թանկացել, քանի որ անասնագլխաքանակն է կրճատվել։ Հիմա շուկայում հայտնվել է բելառուսական միս, որը համեմատաբար էժան է, բայց համային առումով լավը չէ»,– ասաց Բերբերյանը՝ Կառավարությանը կոչ անելով քաղաքական գործընթացներով տարվելով՝ չմոռանալ գյուղատնտեսության մասին: