Իսկ Սերժ Սարգսյանը, մենակ մնալով քվեախցում, քվեարկե՞լ է «Ելք» դաշինքի օգտին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով նախօրեին ՀՀԿ առաջին փոխնախագահ Վիգեն Սարգսյանի հայտարարությանը, թե Նիկոլ Փաշինյանը քվեախցիկում մենակ մնալով, եթե անկեղծ է նոր Հայաստան կառուցելու իր մղումներում, պետք է ընտրի ՀՀԿ-ին, քանի որ նա է միակ ընդդիմությունը:

«Ինձ հետաքրքիր է, թե եղե՞լ է մի լրագրող, որ հարցրել է պարոն Սարգսյանին, թե արդյոք նա կամ նրա քաղաքական հայր Սերժ Սարգսյանը 2017 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ մենակ գտնվելով քվեախցում քվեարկել են «Ելք» դաշինքի օգտին»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Վիգեն Սարգսյանի պնդմանը, թե առանց ՀՀԿ-ի նոր ԱԺ-ում չի լինելու բազմաբեւեռություն, քանի որ միակ ընդդիմությունը ՀՀԿ-ն է, Հրաչյա Հակոբյանն արձագանքեց. «Ոչ ՀՀԿ-ն է որոշելու, ոչ էլ ՔՊ-ն է որոշելու, թե ով է ընդդիմություն: Դա կորոշի ժողովուրդը: Եթե ժողովուրդը որոշի, որ ՀՀԿ-ն է ընդդիմություն լինելու, ապա նա կլինի ընդդիմություն: Եթե ժողովուրդը որոշի, որ ասենք ՀՅԴ-ն է լինելու ընդդիմություն, ապա ՀՅԴ-ն կլինի ընդդիմություն: Այս 6 ամիսներին լրիվ այլ իրավիճակ է եղել, իսկ նոր խորհրդարանում այլ իրավիճակ կլինի: Թող որեւէ մեկը չասի, թե միակ ընդդիմությունն իրենք կարող են լինել:

«Լուսավոր Հայաստանն» էլ կարող է լինել ընդդիմություն, «Մենք» դաշինքն էլ կարող է լինել ընդդիմություն: Համագործակցության տարիներին բոլորդ էլ գիտեք, որքան տարաձայնություններ են ունեցել այդ 3 ուժերը «Ելք» դաշինքում»: