ՀՀԿ-ից զատ շատ քիչ ուժեր կան, որ կարող են քաղաքական օրակարգ առաջարկել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Մենք չենք բացառում, որ ընտրություններից հետո առաջարկենք ստվերային կառավարության սխեմա, առաջարկենք այլընտրանքային նախագծեր, նաեւ բյուջե: Ընդդիմության առաջադրած պրոդուկտը պետք է հակակշռի իշխանությանը, մարդը պետք է ունենա ընտրության հնարավորություն: Մարդը ոչ թե պետք է ընտրի մեկին, որովհետեւ այլընտրանք չունի, այլ պետք է ընտրի, որովհետեւ գիտի, որ բազմազանության մեջ կա ընտրություն հնարավորություն»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը:

Նրա խոսքով, Հայաստանն ունի վարչապետ, իսկ առաջիկա ընտրությունները քաղաքական ընդդիմություն ընտրելու ընտրություններ են:

«ՀՀԿ-ն ապացուցել է իր վճռականությունն ու կամքը, ամրությունը՝ հարված եւ «ուդառ» պահելու, ապացուցել է, որ կարող է ներկայանալ սուր քննադատություններով հանդես եկող գործիչներով: Սկզբունքայնությունը քաղաքական կյանքից վերացնելը կնշանակի վերացնել ամենակարեւորը՝ բարոյական նկարագիրը»,- ասաց Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ իշխանափոխությունից հետո մթնոլորտի փոփոխություն եղել է, որը ընդամենը պայման է գործ անելու համար, բայց այս 6 ամսում արդյոք մթնոլորտային փոփոխությունը չպետք է փոխակերպվի աշխատանքի: