Նիկոլ Փաշինյանը նզովքի կենթարկվի, եթե այդ հույսերը գահավիժեն: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Դիտարկմանը, որ «Ելք» խմբակցությունից Հրաչյա Հակոբյանը հայտարարել է, որ այս ընթացքում իրենք նախկինի կեղտերն են մաքրում, ուզում են հասկանալ, թե ինչու են նախկինները օրինակ, ատամի խոզանակը կոշիկի խոզանակի հետ զրել, Աշոտյանն արձագանքեց. «Եթե նման բան են թույլ տվել, եթե քաղաքական հիգիենայի  պրոբլեմներ ունեն, ՀՀԿ-ն նման խնդիրներ չունի: Եթե պետք է ասեին՝ ժողովո՛ւրդ, պետք է մաքրենք 20 տարվա ախոռը, թող ժողովրդին չխոստանային բարձր կենսաթոշակ, բարձր աշխատավարձ: Իրենք եկել են իշխանության այլ խոստումներով, բարդ խնդիրներին խոստացել են հեշտ լուծումներ: Ասում էին՝ Սաշիկը 50/50 է, կարմիր գծերը հանելու ենք, տեսախցիկները պետք է վերացնենք, բյուջեն 800 մլն-ով կավելացնենք, կենսամակարդակը կբարձրանա»:

Արմեն Աշոտյանը ընդգծեց, որ իրենք գիտեին, որ իշխանության եկողները սուտ են ասում, ժողովուրդը չգիտեր. «Մտածում էր, որ կա փրկիչ, բայց փրկիչ չկա, փրկիչը մի անգամ է եկել: Մնացածը խորամանկություն է, որի արդյունքները մենք տեսնում ենք»:

Նա ասաց, որ Նիկոլ Փաշինյանը ընտրությունները բերել է դեկտեմբերին, որովհետեւ տեսնում է շաբաթ-շաբաթ իր հագավիժող վարկանիշը, տեսնում է, որ երկրի իրական պրոբլեմները որեւէ կապ չունեն իր նախընտրական ճառաբանության հետ. «Նա տեսնում է, որ իր ամենացինիկ ձեւակերպումը, որ երկրում կա 800 հազար պորտաբույծ, որ անգամ իր մոլի երկրպագուների քննադատության թիրախ է դարձել:

Կամ այդ մարդը նոր է հասկացել՝ ինչ գործի է անցել, այդ դեպքում վատ է, որ 6 ամիս մոլորեցրել է մարդկանց, հիմա նոր եկել է սովորում է: Ապրի ինքը, որ կարողացել է մարդկանց մեջ հույս առաջացնել, բայց ինքը նզովքի կենթարկվի, եթե այդ հույսերը գահավիժեն: Ես՝ որպես այս երկրի քաղաքացի, մեծապես շահագրգռված եմ, որ իմ ժողովուրդը հերթական անգամ չապրի հուսաթափություն»,- ընդգծեց Արմեն Աշոտյանը: