ՀԱՄԱՍ–ը նոր հարված է հասցրել Իսրայելի տարածքի ուղղությամբ։ Ինչպես նշվում է Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) Twitter–ի պաշտոնական էջում երկուշաբթի՝ նոյեմբերի 12-ի առավոտյան Գազայի հատվածից 17 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ։ Նրանցից երեքը որսացել է «Երկաթե գմբեթ» համակարգը։ Հրթիռակոծության հետեւանքով ոչ ոք չի տուժել, մեկ կառույց է վնասվել։ Իրենց հերթին ՑԱԽԱԼ–ի ինքնաթիռները հարձակում են գործել Գազայի հատվածում առնվազն 40 թիրախի ուղղությամբ, փոխանցում է DW–ն։

Իրավիճակի կտրուկ սրացման հետ կապված դադարեցվել է երկաթուղային հաղորդակցությունը Աշկելոն եւ Բեէր Շեւայի միջեւ, չեղարկվել են դպրոցական պարապմունքները  եւ փակվել մանկապարտեզները Գազայի հատվածին մոտ տեղակայված տարածքներում։ Վարչապետ Բենիամին Նեթանյահուն  նոյեմբերի 11-ին ընդհատել է իր այցը Փարիզ, որտեղ մասնակցում էր Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակի միջոցառումներին եւ արագ վերադարձել Իսրայել։

Գազայի հատվածում զինյալների հետ կրակոցների ժամանակ զոհվել է Իսրայելի պաշտպանության բանակի հատուկ ստորաբաժանման փոխգնդապետ, եւս մեկ սպա միջին ծանրության վիրավորում է ստացել։ Բախման հետեւանքով սպանվել են 7 պաղեստինցի զինվորներ, այդ թվում՝ ՀԱՄԱՍ–ի ռազմական ստորաբաժանման հրամանատարներից մեկը։