Ազգային ժողովում կառավարությանը աշխատացնող մարդիկ են պետք, որեւէ մեկը կասկածո՞ւմ է, որ ես, Էդիկը, Վիգենը, Դավիթը, Արփինեն, Վահրամը այդ մարդկանց աշխատեցնելու ենք մեր քննադատությամբ, մեր գիտելիքով: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Կա՞ մեզնից ավելի պատրաստ մարդ: Կրթության ոլորտում 7 տարվա նախարար եմ եղել իմ բոլոր չլուծված ու լիքը արած գործերով հանդերձ, քանի՞ մարդ կա Հայաստանում, որ կրթությունից էնքան է հասկանում,, որքան ես, կամ խորհրդարանական դիվանագիտությունից, կամ Շարմազանովի նման: Այսինքն մենք մրցակցային առավելություններ ունենք, որոնք մեր տուն չենք ուզում տանենք: Դրանից իմ կենսամակարդակը շատ քիչ է փոխվելու: Այս աշխատավարձով աշխատանքի առաջարկ այսօր էլ ունեմ»,-ասաց Աշոտյանը:

Նա նշեց, որ «Իմ քայլը» դաշինքը պետք է հավասար ընտրարշավ ապահովի բոլոր ուժերի համար. «Դա իրենց է պետք, որովհետեւ եթե ես չկարողանամ Էրեբունիում, Կենտրոնում նորմալ քարոզարշավ անեմ, մեկին տասը պրոբլեմ եմ սարքելու, ազնիվ ասում եմ»:

Դիտարկմանը, թե եթե բնակիչները փորձեն խանգարել ՀՀԿ-ի քարոզարշավը, վարչապե՞տն է մեղավոր լինելու, Աշոտյանն արձագանքեց. «Բնակիչների մեծ մասը հենց վարչապետի փսիխոհոգեբանական ազդեցության տակ են: Դուք լավ գիտեք, որ Նիկոլ Փաշինյանը կարողանում է մի լայվով ԱԺ փակել: Այսօր նա այդ մոգականությունն ունի, հետեւաբար, քաղաքակիրթ պայքարի քաղաքական մեսիջը պետք է գնա»: