Նախիջեւանի ուղղությամբ Ադրբեջանի Զինված ուժերը ոչ մի միլիմետր «չեն ազատագրել»: Նոյեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:

«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ Նախիջեւանի ուղղությամբ Ադրբեջանի Զինված ուժերը ոչ մի միլիմետր «չեն ազատագրել»: Նրանք կրճատել են դիրքերի միջեւ տարածությունը, ընդ որում՝ իրենց կողմից: Այսինքն՝ այնտեղ, որտեղ Հայաստանի Զինված ուժերը երբեք չեն վերահսկել: Հաշվի առնելով նրանց առաջխաղացումը, մենք դիմել ենք որոշակի միջոցների, որպեսզի չեզոքացնենք հնարավոր առավելությունները, որոնք կարող են առաջանալ: Դա հաջողությամբ արվել է»,- վստահեցրեց Տոնոյանը: