Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու համաձայնագրի չափորոշիչները հստակեցված են, եւ բրիտանական կառավարությունը դրանք երեքշաբթի կքննարկի։ Այս մասին հայտարարել է Brexit-ի հարցով ԵՄ գլխավոր բանակցող Միշել Բարնյեն՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Երկուշաբթի ավելի վաղ ԵՄ երկրների խորհուրդն ընդհանուր կողմերով քննարկել էր Brexit-ը, եւ Բարնյեն ԵՄ-ում մնացող 27 երկրների նախարարներին ներկայացրել էր իրավիճակը։

«Մեր ապագա համաձայնագրի չափորոշիչները հիմնականում հստակեցված են։ Ինչ վերաբերում է բրիտանական կողմին, վաղը (երեքշաբթի) նրանց նախարարների խորհուրդը դրանք կնայի։ Եկել է շատ զգացական պահ»,- գլխավոր բանակցողի խոսքերն է մեջբերում Financial Times-ը։

Մեծ Բրիտանիան եւ ԵՄ-ն մինչեւ նոյեմբերի վերջը պետք է վերջնականապես պայմանավորվեն «ամուսնալուծության» պայմանների մասին։ Եթե դա չարվի, համաձայնագրի անհրաժեշտ վավերացումները չեն կատարվի, եւ այն 2019թ․ մարտի 29-ին ուժի մեջ չի մտնի։ Սա էլ իր հերթին անորորշություն կստեղծի ԵՄ-ի եւ Բրիտանիայի ապագա հարաբերություններում։