ԱԺ-ն ԿԸՀ-ից ստացել է խորհրդարանի ՀՀ խմբակցության պատգամավոր ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը թեկնածուին տրամադրելու մասին արձանագրությունը:

ԱԺ նիստի սկզբում Արա Բաբլոյանը հայտարարեց, որ ըստ այդ արձանագրության մանդատը տրվում է ՀՀԿ համապետական ցուցակի հաջորդ թեկնածուին՝ Նաիրա Կարապետյանին:

Նաիրա Կարապետյանը երդվեց ԱԺ ամբիոնից, իսկ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ հումորով նկատեց. «Մարդ սենց բախտ պետք է ունենա, որ Վարչապետի կառավարության ներկայությամբ երդվի, թե չէ, մեզ նման»:

Նշենք, որ քանի որ ԱԺ օրակարգում է 2019 թվականի բյուջեի նախագիծը, կառավարության անդամները ներկա են նիստին:

Հիշեցնենք, որ մանդատից հրաժարվել էր ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը:

Թեեւ ՀՀԿ համապետական ցուցակում Ռուզաննա Մուրադյանի հաջորդում է Վահրամ Մկրտչյանը, սակայն ըստ օրենսդրության մանդատը տրվում է ՀՀԿ համապետական ցուցակի առաջին մասի նվազ ներկայացված սեռի հաջորդ թեկնածու Նաիրա Կարապետյանին:

Հիշեցնենք, որ Ռուզաննա Մուրադյանը անտեսել էր ՀՀԿ հայտարարությունը եւ կողմ էր քվեարկել Ընտրական օրենսգրքի փոփոխություններին: