Հայաստանում առաջիկա ընտրություններին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդները քաղաքական շահեր չեն հետապնդում: Երեւանում կայացած ճեպազրույցում այս մասին հայտարարեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Ուրսուլա Գաչեկը:

Դեսպանը հաղորդեց, որ 13 անդամից բաղկացած հիմնական խումբը, որը ներկայացնում է 11 երկրներին, կիրակի  է ժամանել:

«Մեր հիմնական նպատակը դիտելն է, թե որքանով է գործընթացը համապատասխանում միջազգային եւ ազգային կանոններին: Շատերին թվում է, որ երկարատեւ դիտարկումը իմաստ չունի: Ուզում եմ հավատացնել, որ մոնիթորինգը շատ ավելի երկար գործընթաց է, քան քվեարկությունը: Պետք է տեսնել, թե ինչպես են կուսակցությունները գրանցվում, ինչպես է նախապաստրաստվում ԿԸՀ-ն, ինչպես նաեւ ինչպես է ԶԼՄ-ն լուսաբանում ընթացքը: Մեզ կմիանա եւս 24 դիտորդ: Նրանք ներկայացնում են ԵԱՀԿ ոչ բոլոր երկրները, բայց բավականին ներկայանալի են, որպեսզի խոսեն կազմակերպության անունից: Նրանք կլինեն մարզերում: Ընտրություններից մի քանի օր առաջ կժամանեն եւս 250 դիտորդներ: Ինչպես նաեւ ԵԱՀԿ ԽՎ-ի, ԵԽԽՎ-ի, Եվրախորհրդարանի ներկայացուցիչները: Կստացվի մեծ դիտորդական խումբ: Ընտրությունների հաջորդ օրը մամուլի ասուլիս կտանք եւ կներկայացնենք մեր դիտարկումները: Եւվս մի քանի օր կմնանք, կհետեւենք հաշվարկներին եւ բողքոներին:

Վերջում զեկույց կներկայացվի: Մենք քաղաքական օրակարգ չունենք: Մենք այստեղ ենք, որպեսզի պարզապես հետեւենք ընտրություններին: Ստանդարտները նույնն են, ինչ ԵԱՀԿ-ի մյուս երկրներում: Մենք այստեղ ենք իշխանությունների հրավերով եւ  ամեն ինչ համապատասխանում է հաստատված կանոնների հետ, որոնք ընտրությունների ժամանակ կիրառվում են այլ երկրներում: Մեզ հրավիրել է այս կառավարությունը, բայց դա չի նշանակում, որ մենք ինչ-որ բանով կաշկանդված ենք: Այսօր այս կառավարությունը, վաղը մյուսը. Սստանդարտները չեն փոխվում», - վստահեցրեց Ուրսուլա Գաչեկը:

«Միայն ընտրությունների արդյունքներով կարելի է ասել՝ արդյոք երկրում իրավիճակը փոխվել է, թե ոչ», -հավելեց դեսպանը: Պատասխանելով հարցին այն մասին, թե ընտրությունները միեւնույն է կանցկացվեն նախկին ԸՕ-ով, Գաչեկը նկատեց, որ նրանք տեղյակ են, որ խորհրդարանը չի ընդունել ԸՕ-ի փոփոխությունները:

«Ուզում եմ հավատացնել, որ աշխատելու ենք շատ զգոն եւ գրանցելու ենք ամեն ինչ, ինչ որ տեսնենք», - ընդգծեց դեսպանը: