Ընդդիմություն կարող է լինել այն ուժը, որի խոսքը, որի գործիչների հայացքները ՀՀ քաղաքացիների կողմից ունեն ընկալում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց 6-րդ գումարման Աժ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ խոսելով ՀՀԿ–ի ընդդիմություն լինելու մասին։

«Այսօր ՀՀԿ–ի «ամենամաքուր» գործչի հայտարարությունը ժողովրդի մոտ ոչ մի կերպ չի ընկալվում որպես օբյեկտիվ խոսք։ Իրենց մի 10 տարի պետք է, որ կարողանան խոսք ասել, որ կհասնի քաղաքացուն»,–նշեց նա։

Մարուքյանը չի ժխտում՝ ՀՀԿ–ն քաղաքական էլեկտորատ ունի, բայց դա չի բավարարի, որ խորհրդարան անցնեն։

Մարուքյանը  շեշտում ՝ իր կանխատեսումները հիմնված են քաղաքացիների հետ շփումների վրա, իսկ հարցին՝ սոցիոլոգիական հարցումներ է անցկացրե՞լ, պատգամավորը պատասխանեց. «Ոչ, սոցիոլոգ չեմ, սոցիոլոգների էլ փող չունեմ»։

Դիտարկմանը, որ ՀՀԿ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը հրավիրում է Մարուքյանին խաշի՝ պայմանով, որ «հաշիվը կփակի նա, ում կուսակցությունն կանցնի պառլամենտ», Մարուքյանն արձագանքեց. «Սիրով կփակեմ այդ հաշիվը, որովհետև համոզված եմ, որ «Լուսավոր Հայաստանը» կանցնի ԱԺ»։