Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը «Ալ-Արաբի ալ-Ջադիդ» պորտալին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ-ն չի կարող խանգարել իրանական ինքնաթիռների եւ տանկերների տեղաշարժին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ամերիկացիները չեն կարողան դադարեցնել իրանական ինքնաթիռների թռիչքները կամ արգելափակել իրանական տանկերների տեղաշարժը դեպի ծով», - ասել է նախարարը:

Նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ն  պատժամիջոցների ցուցակում ներառել էր իրանական Iran Air խոշորագույն ավիաընկերությանը, ինչպես նաեւ ավիաընկերության կողմից շահագործվող 67 ինքնաթիռները:

Ավիաընկերության կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն, այն թռիչքներ է իրականացնում Ստոկհոլմ, Ամստերդամ, Փարիզ, Հռոմ, Ֆրանկֆուրտ, Քյոլն, Լոնդոն, Միլան, Վիեննա եւ Համբուրգ:

Պատժամիջոցների ենթարկված ծովային բեռնափոխադրողների շարքում են նաեւ «Իրանի Իսլամական Հանրապետության նավային բեռնափոխադրումներ» (IRISL), նավթային տրանսպորտային հսկա «Իրանական ազգային տանկերային ընկերություն» (NITC) կազմակերպությունները։ Ցուցակում ընդգրկվել են նաեւ IRISL-ի 65 դուստր-ընկերությունները եւ նրանց հետ կապված անձինք։