Կառավարության ծրագրում հեղափոխական, առաջանցիկ զարգացման թեզեր էին գործունեության բոլոր ոլորտներում, սակայն այսօր բյուջեի քննարկման ժամանակ հնչում են բոլորովին այլ գնահատականներ, որ բյուջեն իներցիոն է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը:

«Ո՞ւր մնաց կառավարության ծրագիրը: Կամ մենք պետք է խոստովանենք, որ կես տարի առաջ մենք չէինք պատկերացնում, թե ինչի մասին ենք խոսում, կամ պետք է ասենք, որ ինչ-որ պատճառներով նսեմացնում ենք այն հնարավորությունները, որոնք ունենք: Կամ դրանք պետք է ակնկալենք եկող տարվա 5 ամիսների ընթացքում, որովհետեւ կառավարության ծրագիրը ներկայացվել էր մեկ տարվա համար»,-ասաց նա:

Գագիկ Մինասյանը նկատեց, որ 2017 թվականին գրանցվել է 7,5 տոկոս տնտեսական աճ, որն ամենաբարձրն էր ԵՏՄ-ում եւ տարածաշրջանում, 2018-ին աճը կանխատեսվում է 6,5 տոկոս, իսկ 2019-ի համար՝ ընդամենը 4,9 տոկոս. «Որեւէ մեկը չի կարող պնդել, որ ունենք հեղափոխական աճ: Այստեղ իներցիոն բառն էլ տեղին չէ, քանի որ ակնհայտ է, որ կա ռեգրես, անկում: Արդյունաբերության աճը 2019-ին կկազմի 5 տոկոս, իսկ 2017-ին եղել է 6,5 տոկոս: Ծառայությունների ոլորտում աճը 2019-ին կկազմի 5 տոկոս, 2018-ին եղել է 8 տոկոս, իսկ 2017-ին՝ 12,4 տոկոս: Գյուղատնտեսության ոլորտում 2019-ին աճը կկազմի 4 տոկոս, որը գերազանցում է 2017-ի ցուցանիշը, երբ արձանագրվել էր 5 տոկոսից ավելի անկում: Շինարարության ոլորտում կանխատեսվում է 5,5 տոկոսի աճ, 2017-ին աճը կազմել էր 2,5 տոկոս:

Կապիտալ ներդրումների ոլորտում 2018-ին աճը ակնկալվում է, որ կկազմի 32,7 տոկոս, մինչդեռ նույն տարվա առաջին կիսամյակում եղել է 76,1 տոկոսի աճ: Իսկ 2019-ին այդ ոլորտում աճը կկազմի ընդամենը 6,1 տոկոս:

Մասնավոր ներդրումների աճը 2018-ի առաջին կիսամյակում կազմել են 86,9 տոկոս, ամբողջ 2018-ի համար աճը ակնկալվում է 52 տոկոս, իսկ 2019ճ-ին այդ ցուցանիշը կկազմի ընդամենը 3 տոկոս: Ակնհայտ ռեգրեսի հետ գործ ունենք»,-հայտարարեց նա:

Գագիկ Մինասյանը հիշեցրեց, որ կառավարության ծրագրում նշված է, որ ապրիլ-մայիսին տեղի ունեցած հեղափոխությունը դրական սպասումներ է առաջացրել ներդրումների առումով եւ դրանք կհանգեցնեն ներդրումների հոսքի: «Այս ուղղություններով 2019-ին ոչ միայն չի նախատեսվում աճ, այլ առկա է աճի տեմպերի նվազեցում»:

Նա նկատեց, որ վարչարարության բարելավման արդյունքում եկամուտները 2019-ին կանխատեսվում է 24 մլրդ դրամ, իսկ 2018-ին եղել է մոտ 20 մլրդ դրամ. «Կառավարության ծրագրում նշվել է, որ ստվերը 30-40 տոկոս է, բա ուր են այդ ցուցանիշները, որ պետք է ավելացնենք վարչարարությունից: Թե՞ մեր գնահատականներն էին սխալ: Այս տարվա ավարտին հարկային եկամուտները նախորդ տարվա համեմատ աճելու է 1,3 տոկոսով: Բա ո՞ւր է պայքարը կոռուպցիայի դեմ»:

Այդուհանդերձ, Գագիկ Մինասյանն ասաց, որ իրենց հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Բյուջեի նախագծին, քանի որ չի կարող երկիրը մնալ առանց բյուջեի: