Երեւանում մեծ ծավալով բնակելի շենքեր կառուցելու միայն մեկ տարբերակ կա. պետք է արտադրվեն բնակելի կառույցների մոդուլներ եւ դրանցով արագ հավաքվեն շենքերը։ Նման կարծիք այսօր՝ նոյեմբերի 13–ին Երեւանի ավագանու հերթական նիստին ասաց Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն՝ անդրադառնալով անտուն մարդկանց բնակարանով ապահովելու խնդրին։

«Կան այժմեական խնդիրներ, որոնք պետք է լուծել այսօր: Շինարարական տեխնոլոգիան, որով այսօր կառուցվում են շենքերը, դա 50-60-ական թվականների տեխնոլոգիա է: Այսինքն՝ այդ բոլոր մոնոլիտ կարկասները, արմատուրան եւ այն, ինչ որ մենք գիտենք, դրա ժամանակը վաղուց սկսել է անցնել: Երեւանում մեծածավալ բնակելի շենքերի շինարարություն սկսելու՝  մի տարբերակ կա, եթե վերականգնվի ДСК –ն՝ տնաշինական կոմբինատները հասկացողությունը եւ սենդվիչային տարբերակով արտադրվեն բնակելի կառույցների մոդուլներ։ Այդ մոդուլներով մեկ տարվա ընթացքում կարելի է բավականին մեծ թաղամաս կառուցել: Դրա արժեքն էլ է բավականին պակաս՝ համեմատած մոնոլիտ շինարարության հետ, որն այսօր կատարվում  է Երեւանում, դա երեւի կլինի մեկ քառորդից նույնիսկ ավելի պակաս»:

Արթուր Մեսչյանը, դիմելով ավագանու անդամներին՝ ասաց.

«Երեւան քաղաքի տեսիլքը, նաեւ ապագան ինչ-որ չափով  կախված է ձեզանից, որովհետեւ քաղաքի սոցիալական պատվերը, ես, որպես ճարտարապետ, ի վերջո, ստանալու եմ ձեզնից։ Սա խնդիր է, որ մենք պետք է լուծենք միասին»։

Գլխավոր ճարտարապետն ասաց, թե ինչ միջոցներով է պատկերացնում մոդուլների արտադրությունը.

«Այ այստեղ պետք է բիզնեսի շահերը կապել այս ծրագրի հետ»,–նշեց նա։

Մեսչյանի խոսքով՝  անտուն ընտանիքներից բացի, պետք է մտածել նաեւ հայրենադարձներին բնակարանով ապահովելու մասին.

«Այսօր  բնակարանային ֆոնդը քաղաքականություն է 100 տոկոսով։ Դա ոչ միայն սոցիալական խնդիր է, դա քաղաքական խնդիր է: Եվ քանի որ մենք ունենք պետական ծրագիր, պետական մտածողություն հայրենադարձության, ունենք խնդիր մեր բնակիչներին բնակելի ֆոնդով ապահովելու, միակ ճանապարհը նա է, մեր մտածողությունը ճարտարապետության եւ շինարարության, գոնե մի փոքր մոտեցնենք 20-րդ դարի վերջին, ոչ թե 21-րդ դարին: Կրկնում եմ, այն տեխնոլոգիան, որով այսօր կառույցներ են արվում, դրանք շատ թանկ են, ցանկացած շինարարություն երկար է տեւելու»,–ասաց նա։

Մեսչյանը հիշեցրեց, որ տնաշինարարական կոմբինատների միջոցով կառուցվեց Սովետական միության բնակարանային ֆոնդի 70 տոկոսը։

«Դե եկեք էդ այլանդակ բաներները, էդ ախմախ ճարտարապետությունը դնենք մի կողմ եւ սկսենք աշխատել, որպես 21–րդ դարի ճարտարապետներ  եւ շինարարներ, դա միակ ճանապարհն է, որով մենք կկարողանանք լուծել բնակելի ֆոնդի խնդիրը »,–ասաց նա։