2019-ի թվականի բյուջեի նախագծով պաշտպանության ոլորտի հատկացումները ավելացել են 65 մլրդ դրամով, իսկ ՊՆ-ի հատկացումները՝ 30 մլրդ դրամով: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Կորյուն նահապետյանը:

Նրա խոսքով, պաշտպանության ոլորտի ծախսերը կազմում են բյուջեի 20 տոկոսը եւ ՀՆԱ-ի՝ 4 տոկոսը:

«Հնարավոր ռազմական գործողությունների սկսման արդյունքում հնարավոր է նաեւ վերաբաշխում եւ մենք պետք է միշտ պատրաստ լինենք հնարավոր հաջորդ պատերազմին: Դա մեզնից պահանջում է նաեւ բավարար բյուջետային հատկացումներ: Սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ձեռքբերման ոլորտում ավելացումներն ուղղված են հրթիռահրետանային սպառազինությանը, ՀՕՊ-ին եւ ռազմական կարիքների համար այլ միջոցներին: ՌԴ-ի հետ կնքած վարկային համաձայնագրի շրջանակներում ավելանալու են մեր հրթիռային կարողությունները: Հայրենական ռազմարդյունաբերության ոլորտում նախատեսվել են մի շարք հավակնոծ ծրագրեր, որոնք իրականացումը ավելացնելու է մեր ԶՈՒ-ի կրակային հնարավորությունները»,-հայտարարեց Կորյուն Նահապետյանը:

Նրա խոսքով, միջոցառումներ են իրականացվելու առաջնագծում ծառայություն անցնող զինծառայողների դրամական, բնակարանային ապահովման ոլորտում. «2019-ի բյուջեում նախատեսված է զինծառայողների աշխատավարձերի հավելում, այն կազմում է 370 մլն դրամի չափով: ՊՆ-ի արտաբյուջետային միջոցներից 500 մլն դրամ հատկացվելու է առաջնագծում զինծառայություն անցնող զինծառայողների պարգեւատրմանը»:

Կորյուն Նահապետյանը ցավով նշեց, որ 2019-ի բյուջեով նախատեսված չեն գիտական ու գիտատեխնիկական նպատակային հետազոտությունների համար բավարար միջոցներ: