CNN հեռուստաալիքը ԱՄՆ նախագահի վարչակազմի դեմ հայց է ներկայացրել՝ իր թղթակից Ջիմ Ակոստայի՝ Սպիտակ տան հավաստագրումը հետ կանչելու համար։ Ակոստայի նյութերը բազմիցս քննադատվել են Թրամփի կողմից՝ տեղեկացնում է «Голос Америки»-ն։

«Մենք դատարանին խնդրել ենք անհապաղ հրապարակել Ջիմի հավաստագիրը վերադարձնելու պահանջով վճիռը, եւ պետք է հասնենք այս գործընթացի շրջանակներում հարցի մեկընդմիշտ լուծմանը։ Թեեւ այս հայցում խոսքը CNN-ի եւ Ակոստայի մասին է, դա ում հետ ասես կարող էր կատարվել։ Եթե իրավիճակն անպատասխան մնա, ապա Սպիտակ տան գործողությունները կարող են վտանգավոր դառնալ ցանկացած լրագրողի համար, ովքեր լուսաբանում են մեր ընտրովի պաշտոնյաների գործունեությունը»,- ասվում է CNN-ի հայտարարության մեջ։

Ակոստայի հավաստագիրը հետ էր կանչվել այն բանից հետո, երբ մամուլի ասուլիսի ժամանակ նրա եւ Թրամփի միջեւ լեզվակռիվ էր եղել։