Քիչ առաջ ավարտվել է ՔՊ վարչության նիստը։ NEWS.am-ի հետ հարցազրույցում ՔՊ վարչության անդամ Զարուհի Բաթոյանն ասաց, որ հաստատվել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը, քարոզարշավի գործիքակազմը։

Ցուցակի առաջին եռյակը հետեւյալ հերթականությամբ է. Նիկոլ Փաշինյան, Արարատ Միրզոյան, Լենա Նազարյան։ Առաջին տասնյակում են Տիգրան Ավինյանը, Արայիկ Հարությունյանը, Ալեն Սիմոնյանը, Սասուն Միքայելյանը, Սուրեն Պապիկյանը, Լիլիթ Մակունցը։ Զարուհի Բաթոյանը ցուցակում 10–րդն է։

Ցուցակի բոլոր անդամները մասնակցելու են նաև «ռեյտինգային» ընտրակարգով՝ բացի Նիկոլ Փաշինյանից։

Լրատվամիջոցները գրում են, որ «Իմ քայլը» դաշինքի «ռեյտինգային» ընտրացուցակով առաջադրվելու են բոլոր մարզպետները, բացի Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանից և Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանից։

Համամասնական ցուցակի անցողիկ տեղերում նշում են նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչների անուններ. Վահագն Թեւոսյան, Վահագն Հովակիմյան, Սիսակ Գաբրիելյան, Թագուհի Թովմասյան։

Քարոզարշավը արդեն ծանոթ գործիքակազմով կանցկացվի. հանրահավաքներ, երթեր։ Քննարկվել է քարոզչությունը Գյումրիից երթով սկսելու տարբերակը, որը կհիշեցնի Նիկոլ Փաշինյանի քայլարշավը։ Կլինեն նաեւ անակնկալներ։

Նշենք, որ նախընտրական ցուցակները ԿԸՀ ներկայացնելու վերջնաժամկետը նոյեմբերի 14-ն է՝ ժամը 18։00։