ՀՀԿ–ն մահացել է, ՀՀԿ–ն մերժված է՝ ղեկավար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Այս մասին NEWS.am–ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը։

Հանրապետական կուսակցությունը, նրա խոսքով, ընդդիմության հետ կապ չունի. «Ռեւանշիստների հավաքածու են, որոնք ասելիք չունեն Հայաստանի ժողովրդին եւ փորձում են ջրի երեսին մնալ»։

ՀՀԿ–ի մասին խոսելը, ըստ նրա, դեռ արդիական է, քանի որ Հանրապետականները դեռ Աժ–ում են, բայց վստահ է, որ ընտրողը քաղաքական պատմության գիրկը կուղարկի այդ խոսակցությունները։

Ալեն Սիմոնյանը տարածքային ցուցակով առաջադրվելու է Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն համայնքներն ընդգրկող ընտրատարածքում։ Այնտեղ ՀՀԿ–ից առաջադրվելու են Արմեն Աշոտյանը, Դավիթ Շահնազարյանը։ Ալեն Սիմոնյանը ՀՀԿ–ականներին մրցակից չի համարում. «Ավելի շատ իմ գործընկերներն են ձայն տանելու՝ Դավիթ Սանասարյանը, Արսեն Թորոսյանը»։

Մալաթիա–Սեբաստիա համայնքում «Իմ քայլի» թեկնածուները Սամվել Ալեքսանյանից քվեների ակնկալիք չունեն։ Վստահ են, որ ժողովուրդն, առանց այդ էլ, իրենց սատարում է։

«Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» կուսակցություններին գրպանային ընդդիմություն համարողների հետ Ալեն Սիմոնյանը համաձայն չէ. «Իրենք լուրջ քաղաքական գործիչներ են, ճանապարհ անցած, ի՞նչ է նշանակում գրպանային։ Շատ լավ ընդդիմություն կլինեն եւ շատ լավ կներկայացնեն այն մարդկանց խնդիրները, որոնք մեզ չեն ընտրի»։ 

ԲՀԿ–ին եւս Սիմոնյանը ընդդիմություն է համարում։

Ալեն Սիմոնյանի անունը արդեն փակցված է որոշ ավտոմեքենաների ապակիներին։ «Մեկը իմ կինն է, ուրախ եմ, դա իր սիրո արտահայտությունն է»,–ասաց նա։

Քարոզարշավը, նրա խոսքով, կլինի կարճ, արագ, որտեղ կամրագրվեն հեղափոխության արդյունքները։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։