Խորհրդարանական գործունեությունը ներկա պահին ինձ չի հետաքրքրում։ Այս մասին NEWS.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀԿ խմբակցության անդամ Ռուզաննա Մուրադյանի փոխարեն արձակված խորհրդարանում պատգամավորի մանդատ վերցրած Նաիրա Կարապետյանը։

«Միանշանակ իրավիճակ չէ, առաջին անգամ է նման դեպք լինում, բայց օրենքը օրենք է»,–ասաց նա։

Նաիրա Կարապետյանը անկուսակցական է։ Առաջիկա խորհրդարանական ընտրություններին որոշել է չմասնակցել՝ անձնական պատճառներով. «Ցանկացած իրեն հարգող քաղաքական սուբյեկտ պարտավոր է իր լուման ունենալ երկրի զարգացման գործում։ Որտեղ՝ առայժմ պարզ չէ։ Մի բան հստակ է՝ խորհրդարանական գործունեությունը ներկա պահին ինձ չի հետաքրքրում»։

ՀՀԿ–ի ցուցակով առաջադրվելու առաջարկ եղե՞լ է, թե՞ ոչ՝ չի ասում։

Հանրապետականի հետ ճանապարհ անցնում է 2012 թվականից։ Շարունակելո՞ւ է, թե՞ ոչ՝ կոռեկտ հարց չի համարում, քանի որ այդ ուժի հետ ճանապարհ է անցել։

Կարծում է, որ Հայաստանը թեւակոխում է մի փուլ, որտեղ պայքարը լինելու է թեժ, բայց ոչ գաղափարական։

Պայքարի ոչ գաղափարական լինելը բացատրում է հետեւյալ կերպ. «Հիմնական երկու մրցող ուժերը լիբերալ եւ ազգայնական գաղափարների կրողն են։ Լիբերալը, ինչպես կանխատեսում են, հավաքելու է ձայների մեծամասնությունը, բայց հասարակությունը, ըստ հետազոտությունների, ազգայնական է»։

Այդ դեպքում՝ ինչո՞ւ է լիբերալ քաղաքական ուժին աջակցությունն այդքան մեծ, Նաիրա Կարապետյանը կմեկնաբանի ընտրություններից հետո։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։