Հիշելով Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի բանակների (ԱՆԶԱԿ) զոհերին՝ Ավստրալիան պետք է նաեւ անդրադառնա Հայոց ցեղասպանությանը: Այս մասին Guardian Australia-ում գրում է ավստրալիացի լրագրող Փոլ Դալեյը:

Նա նշում է՝ ավարտվեցին «ԱՆԶԱԿ»-ին նվիրված հիշատակի միջոցառումները, սակայն կրկին անդրադարձ չեղավ, թե ինչպես են ավստրալիացի զինվորներն ականատես եղել նախկին Օսմանյան կայսրությունում մոտ 1,5մլն հայերի ոչնչացմանը եւ ինչպես են 1918-ին սիրիա-պաղեստինյան ճակատում մարդասիրական օգնություն ցուցաբերել ցեղասպանությունից փրկված հայերին:

Լրագրողի խոսքով` վերջին տարիներին Ավստրալիայի հայ դատի հանձնախումբը եւ այլ համայնքային ղեկավարներ ու ռազական պատմաբաններ բազմաթիվ դիմում-խնդրանքներ են ուղղել, որպեսզի պատերազմի հուշարձանի` 1-ին համաշխարհայինին նվիրված հավաքածուների շարքում ցուցադրվի նաեւ Հայոց ցեղասպանության ավստրալացի ականատեսներից պահպանված փաստերը:

Նշվում է, որ այս տարվա սկզբին, երբ հայտնի դարձավ հուշահամլիրն ընդլայնելու որոշումը, ավստրալահայ պատմաբան Վիգեն Բաբկենյանը գրել է նախաձեռնության հեղինակներին, որ «ԱՆԶԱԿ»-ի սխրանքը ոչ միայն ռազմական է, այլեւ մարդասիրական, և հորդորել է Հայոց ցեղասպանության վկայություններն ընդգրկել հուշահամալիրի պատկերաշարում:

Հուշահամալիրի տնօրեն Բրենդան Նելսոնը Բաբկենյանին պատասխանել է, որ անհրաժեշտ միջոցների առկայության դեպքում հուշահամլիրն անպայման կընդլայնվի, եւ այնտեղ կընդգրկվեն «ԱՆԶԱԿ»-ի խաղաղապահ եւ մարդասիրական գործողությունները վկայող փաստեր:

Սակայն, Դալեյի խոսքով, առայժմ հայտնի չէ, թե արդյոք նրանք կանդրադառնան ցեղասպանությանը: Հինգ տարի առաջ ռազմական պատմաբան Թիթեր Ստենլին Նելսոնին գրել է, որ Հայոց ցեղասպանությունը Առաջին համաշխարհայինին նվիրված պատկերաշարում չընդգրկելը կնշանակի, որ հուշահամալիրը ոչ թե անկախ, չեզոք պատմական հաստատություն է, այլ կողմնակալ, թուրքական եւ հայկական համայնքների միջև լարվածությունը սրող կողմ:

Դալեյն ասում է, որ նույն կերպ հուշահամալիրում հիշատակված չեն այն բոլոր բնիկ ժողովուրդները, որոնց զոհերի թիվը շատ ավելին է, քան Առաջին համաշխարհայինում 60,000 ավստրալացիների կորուստը: