«Իսլամական պետության» ահաբեկիչների գերությունից ազատագրվելու համար Սիրիայի Սուվեյդա նահանգի երախտապարտ բնակիչները Սիրիայի նախագահ Բաշար Ասադի մոտ պաշտոնական ընդունելության ժամանակ նրան իրենց ուսերին են նստեցրել:

Երեքշաբթի Ասադը հանդիպել է ազատագրվածների եւ նրանց ընտանիքների հետ: ԻՊ գրոհայինները նրանց ավելի քան 3 ամիս գերության մեջ էին պահում:

Al-Watan պարբերականի հրապարակած հոլովակում մի քանի տղամարդ Ասադին բարձրացնում են, իսկ նրանցից մեկը նրան նստեցնում է իր ուսերին: Ընդ որում՝ Ասադը քիչ էր մնում գլխով ջահին դիպչեր:

Այնուհետեւ հավաքվածները Ասադին եւ Սիրիային աջակցության կարգախոսներ են վանկարկում:
Մեկ այլ հոլովակում ներկայացված է, թե Սուվեյդայի համայնքի ներկայացուցիչներից մեկն ինչպես է Ասադին արաբական սուրճ առաջարկում: Երբ Սիրիայի նախագահը սուրճն ըմպել է եւ գավաթը վերադարձրել, այն, ըստ արաբական ավանդույթի, հատակին զարկելով կոտրել են: Այս հոլովակը հրապարակել է երկրի նախագահի մամուլի ծառայությունը: