«Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանն իր հոդվածում անդրադարձել է ԱՄՆ-ում նոյեմբերի 6-ին տեղի ունեցած միջանկյալ ընտրություններին: Նրա հոդվածը ներկայացնում ենք ստորեւ.

«2018 թ. նոյեմբերի 6-ին տեղի ունեցած միջանկյալ ընտրությունները զգալիորեն կսահմանափակեն նախագահ Թրամփի կողմից Միացյալ Նահանգների ղեկավարումը որպես բռնապետություն:

Իր նախագահության առաջին երկու տարիների ընթացքում Թրամփը հաճախ չարաշահել է իր լիազորությունները՝ ստորագրելով հրահանգներ եւ վերահսկելով ԱՄՆ-ի ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր իշխանության մարմինները ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում եւ Սենատում հանրապետական մեծամասնության շնորհիվ: Այդ ժամանակահատվածում Թրամփը բազմաթիվ վիրավորական հայտարարություններ է արել եւ գործել է՝ ինչպես բարեհաճել է՝ անտեսելով ցանկացած քաղաքական, իրավական եւ բարոյական վարքագիծ:

Սակայն նախագահի սանձարձակ գործունեությունը հասավ իր ավարտին... Ներկայացուցիչների պալատում նորընտիր դեմոկրատական մեծամասնությամբ Թրամփն այլեւս չի կարողանա անել այն ամենը, ինչ ուզում է: Նա չի կարող առաջարկել որեւէ օրինագիծ առանց Ներկայացուցիչների պալատի դեմոկրատների համաձայնության, որոնք կհետաքննեն նախագահի եւ նրա կառավարության անդամների անօրինական գործողությունները, ինչպես նաեւ կպաշտպանեն հատուկ դատախազի՝ Ռուսաստանի հետ գաղտնի համաձայնության հետաքննությունը 2016 թ. ԱՄՆ նախագահական ընտրություններում:

Ներկայացուցիչների պալատի նորընտիր դեմոկրատական մեծամասնությունը կարող է դատարան կանչել Թրամփի ընտրարշավի գործընկերներին, որը նախորդ հանրապետական մեծամասնությունը արգելափակել էր եւ նաեւ պահանջել հրապարակել նախագահի հարկային հայտարարագրերը, որոնք նա կտրականապես հրաժարվել էր հրապարակել՝ թաքցնելով իր գործարքները օտարերկրյա երկրներում:

Այս նոր իրավիճակն ունենալու է երկու կոնկրետ հետեւանքներ։ Առաջիկա երկու տարիների ընթացքում ԱՄՆ կառավարությունը կհայտնվի փակուղում: Դժվար թե Թրամփի նախաձեռնած որեւէ օրինագիծ հաստատվի Ներկայացուցիչների պալատի կողմից: Երկրորդ՝ հիասթափվելով իր գործողությունների արգելափակմամբ՝ Թրամփն ավելի կոպտորեն կհարձակվի դեմոկրատների վրա, քան նախկինում: Նախագահը արդեն հայտարարել է, որ եթե դեմոկրատները հետաքննեն իրեն, ապա նա իր հերթին կհետաքննի նրանց... Սա նշանակում է, որ նախագահ Թրամփի զայրույթն ու թշնամանքը կհասնեն նոր բարձունքների՝ դրդելով նրան նոր վիրավորական թվիթներ ուղարկել եւ ավելի շատ վիրավորական ելույթներ ունենալ իր քաղաքական հանրահավաքներում:

Առաջիկա երկու տարիների ընթացքում Թրամփն այնքան զբաղված կլինի իր քաղաքական հակառակորդներին հարվածելով, որ չի կարողանա լիարժեք ուշադրություն դարձնել ներքին եւ արտաքին քաղաքականությանը, որը, հուսով ենք, կսահմանափակի նրա հասցրած վնասը Միացյալ Նահանգներին եւ ամբողջ աշխարհին...

Ամերիկահայ թեկնածուները միջանկյալ ընտրություններում

Դրական կողմն այն էր, որ 2018 թ. նոյեմբերի 6-ի միջանկյալ ընտրություններում առնվազն  ութ ամերիկահայ հաղթեց տեղական, պետական եւ դաշնային քաղաքական պաշտոններում:

Ամերիկահայ Աննա Էշուն (դեմոկրատ, Կալիֆոռնիա) վերընտրվել է Ներկայացուցիչների պալատում, Կալիֆոռնիայից մեկ այլ դեմոկրատ Ջեքի Կանչելյան Սփիրի հետ միասին:  Ամերիկահայ Էնթոնի Բրինդիսին (դեմոկրատ, Նյու Յորք) 1293 ձայնով գերազանցում էր գործող հանրապետական կոնգրեսական Կլաուդիա Թենիին ընտրությունների գիշերը՝ սպասելով դեռեւս հազարավոր ձայների հաշվարկին: Եթե Բրինդիսին հաղթի, նա կդառնա ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում գործող երրորդ ամերիկահայը:

Միացյալ Նահանգների պատմության մեջ եղել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում ընտրված միայն յոթ ամերիկահայ: Նրանք են.

- Թոմաս Քորվին (1831-1840, 1859-1861 թթ.), հանրապետական, Օհայո:

- Սթիվեն Դերունյան (1953-1965 թթ.), հանրապետական, Նյու Յորք:

- Ադամ Բենիամին (1977-1982 թթ.), դեմոկրատ, Ինդիանա:

- Չարլզ Փաշայան (1979-1991 թթ.), հանրապետական, Կալիֆոռնիա:

- Աննա Էշու (1993 թ.- այժմ), դեմոկրատ, Կալիֆոռնիա:

- Ջոն Սուինի (1999-2007 թթ.), հանրապետական, Նյու Յորք:

- Ջեքի Սփիր (2008 թ.- այժմ), դեմոկրատ, Կալիֆոռնիա:

Անհավատալիորեն, հայ եւ հունգարական ծագում ունեցող Թոմաս Քորվինը եղել է բարձրակարգ քաղաքական գործիչ եւ դիվանագետ եւ միակ ամերիկահայը, որը 1845-1850 թթ. դարձավ ԱՄՆ սենատոր  (հանրապետական, Օհայո)։ Բացի Ներկայացուցիչների պալատում եւ Սենատում նրա ծառայությունից, նա Օհայոյի նահանգապետն էր (1840-1842 թթ.) եւ ԱՄՆ ֆինանսների նախարարը (1850-1853 թթ.)։ Նա եղել է նաեւ ԱՄՆ դեսպանը Մեքսիկայում (1861-1864 թթ.)։

Կոնգրեսի հանրապետական թեկնածու Դենի Թարխանյանը՝ Նեւադայից, պարտվել է նոյեմբերի 6-ի ընտրություններում դեմոկրատ Սյուզի Լիին՝ հավաքելով ձայների 43.4 տոկոս ընդդեմ Լիի 51.4 տոկոսի։

Կոնգրեսի հանրապետական թեկնածու Ջոնի Նալբանդյանը (Գլենդել) պարտվել է գործող դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆին։ Նալբանդյանը հավաքել է 23.5 տոկոս քվե, իսկ Շիֆը՝ 76։

Լոս Անջելեսի Սան Ֆեռնանդո հովիտ շրջանի դեմոկրատ Ադրին Նազարյանը վերընտրությամբ հաղթել է հանրապետական մրցակցին՝ Ռոքսանա Հոուգին, Կալիֆոռնիայի նահանգային պալատում։ Նազարյանը հավաքել է 77.9 տոկոս քվե, իսկ Հոուգը՝ 22.1:

Էլիզաբեթ Ուորենը (չշփոթել ԱՄՆ սենատոր Էլիզաբեթ Ուորենի հետ)՝ Հայոց ցեղասպանության վերապրածների ծոռնուհին, Կալիֆոռնիայի նահանգային պալատի ընտրություններում պարտվել է դեմոկրատ Թաշե Բոներ Հորվաթին։

Հանրապետական Ռիտա Թոփալյանը նահանգային սենատի ընտրություններում պարտվել է դեմոկրատ Բոբ Արխելետային, որը հաղթել է քվեների 65 տոկոսով։

Կալիֆոռնիայից դուրս, Միչիգանի նահանգային խորհրդի 26 ամյա դեմոկրատ թեկնածու Մարի Մանուկյանը, հաղթել է իր հակառակորդին, Միչիգանի Հանրապետական կուսակցության նախկին նախագահ Դեյվիդ Վոլկինսոնին՝ ձայների 57 տոկոսով, ընդդեմ Վոլկինսոնի 43 տոկոսի։ Մանուկյանին աջակցում էին նախագահ Բարաք Օբաման, սենատոր Գարի Պետերսը եւ ընտրված նահանգապետ Գեթչեն Ուիթմերը:

Մեկ այլ ամերիկահայ թեկնածու՝ Մեյնի նահանգային պալատի դեմոկրատ ներկայացուցիչ Սառա Գիդեոնը, վերընտրվել է։

Աննա Աստվածատրյան-Տուրկոտը վերընտրվել է Westbrook, Մեյնի քաղաքային խորհրդում։ Բաքվից փախստական Տուրկոտը Արցախի անկախության եռանդուն պաշտպաններից է։

Վերջապես, Լորիկ Չարխուդյանը, Մերիլենդի նահանգային օրենսդիր մարմնի դեմոկրատ թեկնածուն, ընտրվել է՝ դառնալով Մերիլենդի խորհրդարանի առաջին ամերիկահայ ներկայացուցիչը։

Ամերիկահայերի մեծ մասը, որոնք նոյեմբերի 6-ին պայքարել են քաղաքական պաշտոնների համար, հաղթեցին։ Նույնը վերաբերում է նաեւ ամերիկահայ համայնքի օտարազգի աջակիցներին։ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը հաղորդել է, որ իրենց աջակցությունը վայելող կոնգրեսական թեկնածուների 92 տոկոսը հաղթել է։ Սա հրաշալի լուր է...

Մյուս կողմից, ամերիկահայերը գոհ են, որ Կոնգրեսում Թուրքիայի աջակցության խմբի համանախագահ, կոնգրեսական Փիթ Սեշնսին (հանրապետական, Տեխաս) չի հաջողվել վերընտրվել՝ չնայած թուրքամետ դոնորների նվիրատվություններին…