Կարճլիկ մականունով մեքսիկական թմրաբարոն Խոակին Գուսման Լոերայի պաշտպանական կողմը ամերիկյան դատարանում հայտնել է, որ իրենց պաշտպանյալի գլխավորած «Սինալոա» կարտելը Մեքսիկայի նախագահներին կաշառքներ է տվել, այդ թվում գործողին՝ Էնրիկե Պենյե Նյետոյին, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մեքսիկայի ներկա եւ նախկին նախագահները միլիոնավոր դոլարների կաշառք են ստացել», –Universal-ը մեջբերում է Կարճլիկի փաստաբան Ջեֆրի Լիխտմանի հայտարարությունը: Թմրաբարոնի դեմ դատավարությունն ընթանում է ԱՄՆ-ի Բրուկլին քաղաքում:

Ըստ պաշտպանյալի, վճարումները կատարել է «Սինալոայի» եւս մեկ առաջնորդ՝ Իսմաել Սամբադան: Այժմ նա փախուստի է դիմել:

Մեքսիկայի ամենափնտրվող թմրաբարոններից մեկը ԱՄՆ վարչակազմին հանձնվել է 2017 թվականի հունվարին՝ Բարաք Օբամայի վարչակազմի վերջին օրը: Կարճլիկի դեմ մեղադրանքներ են ներկայացնում միանգամից մի քանի նահանգներ՝ Քալիֆորնիան, Նյու Մեքսիկոն, Տեխասը, Իլինոյսը, Նյու Յորքը: Դրանք կապված են ԱՄՆ-ում կոկաինի մատակարարման, անօրինական զենք պահելու եւ սպանությունների կազմակերպման հետ:

Կալդերոնի ժամանակ՝ 2006 թվականին Մեքսիկայում թմրամաֆիայի դեմ իսկակական պատերազմ էր սկսվել: Պենյե Նյետոյի ժամանակ Կարճլիկին երկու անգամ կալանավորել են: Սկզբում նա 2014-ին ձերբակալվել էր Մասատլան քաղաքում, սակայն 2015-ին ստորգետնյա թունելով փախել էր բանտից: 2016-ի հունվարին Լոս Մոչիս քաղաքում հատուկ գործողության արդյունքում նրան բռնել եւ փոխանցել էին ԱՄՆ-ին: