Նոյեմբերի 14–ի դրությամբ մոտ 2000 քաղաքացի է դիմել անձնագրային ծառայություն՝ ԱԺ արտահերթ ընտրություններին պատգամավորի թեկնածուի առաջադրման համար պահանջվող տեղեկանք ստանալու։

Այս մասին NEWS.am–ին հայտնեց ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը՝ նշելով, որ վերջնական տվյալները դեռեւս չեն ամփոփվել։

Նա ասաց, որ ներկայացված դիմումներից 51–ը մերժվել է՝  «Ընտրական օրենսգրքով» նսախատեսված պահանջներին չբավարարելու հիմքով։

Նշենք, որ անձնագրային ծառայության կողմից տրվող տեղեկանք ստանալու համար անձը պետք է բավարարի հետեւյալ պահանջներին.

1. սույն թվականի դեկտեմբերի 9-ի դրությամբ պետք է լրացած լինի 25 տարին,

2. դիմում տալու օրվան նախորդող 1461 օրերի ընթացքում 731 եւ ավելի օր բացակայած չլինի Հայաստանից,

3. դիում տալու դրությամբ վերջին չորս տարին եղած լինի միայն Հայաստանի քաղաքացի:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին։ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունները փաստաթղթերը պետք է Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնեն մինչեւ նոյեմբերի 14-ը՝ ժամը 18։00-ը, իսկ կուսակցությունների կամ դաշինքների ընտրացուցակների գրանցումը պետք է կատարվի նոյեմբերի 14-ից 19-ը ժամանակահատվածում: