Մենք ասում ենք աշխատանքի խրախուսում, բայց որտեղ ենք մենք խրախուսում աշխատանքը, ո՞ր գյուղում, որտեղ ծերե՞ր են ապրում, ո՞ր մարզում, որտեղ երիտասարդության 60-70 տոկոսն արտագաղթել է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզան Առաքելյանը:

«Եթե մենք աշխատանքը խրախուսում ենք, բայց չկա բնակչություն, որ պետք է զբաղվի այդ աշխատանքով, մի տեսակ մեր գաղափարը մնում է կիսատ: Եթե մենք խրախուսում ենք մանր ու միջին բիզնեսը այնտեղ, որտեղ չկան երիտասարդներ, որոնք պետք է զբաղվեն բիզնեսով, ում համար է այդ ծրագիրը»,-ասաց նա:

ՀՅԴ պատգամավորը խոսեց նաեւ հայրենադարձությունից՝ նշելով. «Քանի դեռ չունենք հայրենադարձության հայեցակարգ, որ երիտասարդը հասկանա, թե իրեն ինչ է սպասվում, եթե ինքը վերադառնա Հայաստան, ինչ առավելություններ, արտոնություններ է տրվում իրեն, այդ խնդիրը չի լուծվի: Միայն մանր բիզնեսին արտոնություն տալով հնարավոր չէ լուծել հայրենադարձության հարցը»,-ասաց նա:

Ռուզան Առաքելյանն անդրադարձավ նաեւ գյուղատնտեսությանը, նկատելով, որ գյուղացու եկամուտը կախված է բնակլիմայական պայմաններից, մինչդեռ պետք է ներդրվի ապահովագրություն:

Նշենք, որ նախօրեին բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթի մի մեծ հատված նվիրեց նրան, որ իրենց կառավարության ծրագրի եւ բյուջեի հիմքում դնում է աշխատանքի խրախուսումը: