Եվրոպական միությունը, Գերմանիայի, Միացյալ Թագավորության ու Շվեդիայի կառավարությունները ֆինանսական աջակցություն կտրամադրեն Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը։

Այսօր՝ նոյեմբերի 14֊ին, ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Հայաստանում Գերմանիայի դեսպանը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանը, ՀՀ-ում Շվեդիայի դեսպանության գործերի հավատարմատարը ու ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը ստորագրեցին փաստաթուղթ՝ պաշտոնապես հայտարարելով ՄԱԶԾ-ի կողմից իրականացվելիք ընտրական գործընթացների աջակցության ծրագրի մեկնարկը:

«Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագիրը միտված է օժանդակել Հայաստանի իշխանություններին՝ անցկացնել վստահելի ու թափանցիկ ընտրություններ, ինչպես նաեւ ամրապնդել Հայաստանի ընտրական մարմինների կարողությունները:

Ծրագիրը ֆինանսավորվում է  ՀՀ կառավարության, ԵՄ-ի, Գերմանիայի, Միացյալ Թագավորության եւ Շվեդիայի կողմից՝ համապատասխանաբար 0,7 միլիոն դոլար, 1,5 միլիոն եվրո, 0,7 միլիոն եվրո, 0,5 միլիոն ֆունտ ստերլինգ եւ 1,5 միլիոն շվեդական կրոն դրամական օժանդակությամբ:

Ծրագրի թիրախում են հետեւյալ հիմնական ոլորտները՝ ապահովել 2017-ի ընտրություններին ներմուծված ընտրողների նույնականացման սարքերի շարունակական կիրառումը, ապահովել քվեարկության օրն ընտրատեղամասերի եւ քվեարկության արդյունքների ամփոփման   ուղիղ հեռարձակումը՝ 2000 ընտրատեղամասերից շուրջ 1500-ում վեբ տեսանկարահանման սարքեր տեղադրելու միջոցով, բարելավել ընտրողների գրացնման գործընթացն  ու ընտրողների իրազեկումը՝ ուսուցման նոր մոդուլների մշակման եւ գոյություն ունեցող ուսուցման ձեռնարկների թարմացման գործում ԿԸՀ-ին աջակցելու միջոցով նպաստել ընտրական գործընթացի վերաբերյալ կանանց ու երիտասարդ ընտրողների իրազեկության մակարդակի բարձրացմանը:

Նշենք, որ ֆինանսական աջակցության խնդրանքով եվրոպական երկրներին դիմել էր Հայաստանի կառավարությունը։