Հայաստանի համար ամենակարեւորն անվտանգությունն է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Երբ ասում եմ՝ անվտանգություն, նկատի չունեմ միայն տեսանելի հակառակորդը՝ Թուրքիան, Ադրբեջանը, այլ նկատի ունեմ այն վատ երեւույթները, որոնք կան։ Այս իմաստով ես չեմ տեսնում հայագիտության բլոկը որպես ստրատեգիական բլոկ։ Միգուցե մեր իշխանության ժամանակ էլ չի եղել, բայց եթե մեր իշխանությունն այդքան լավը լիներ, այսօր ես ձեր տեղը նստած կլինեի, իսկ դուք էլ ինձ կքննադատեիք»,-ասաց նա:

Շարմազանովը կարծիք հայտնեց, որ այսօր  պետք է կիրառվի ներառական հայագիտություն, քանի որ Ադրբեջան ու Թուրքիան միլիոնավոր դոլարներ են դնում հայագիտական ամբիոների կողքին իրենցը սարքելու համար, իսկ Հայաստանն այս պայքարում տանուլ է տալիս:

ԱԺ փոխնախագահը հավելեց, որ հայագիտությունը պետք է լինի Հայաստանի դոկտրինում, իսկ գիտությունը պետք է ունենա ազգայինն նկարագիր: