Իրանի գլխավոր դատախազի հրավերով աշխատանքային այցով Թեհրանում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամադ Ջաֆար Մոնթազերիին:

Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով ՀՀ գլխավոր դատախազին իր հրավերն ընդունելու եւ Իրանում գտնվելու կապակցությամբ՝ պարոն Մոնթազերին նշել է, որ Հայաստանի եւ Իրանի հազարամյակների պատմական ու մշակութային առնչությունները, ներկայիս երկու պետությունների միջեւ ձեւավորված եւ փոխադարձ հարգանքի վրա խարսխված ջերմ, բարեկամական հարաբերությունները փոխադարձ վստահության այնպիսի միջավայր են ստեղծում, որը թույլ է տալիս առկա իրավապայմանագրային բազայի հենքի վրա անկեղծ երկխոսության մթնոլորտում քննարկելու դատախազությունների միջեւ գործակցությունը խորացնելու հեռանկարները, իրավական փոխօգնության ոլորտում, հանցավորության դեմ համատեղ պայքարում առաջացող աշխատանքային խնդիրների լուծման կառուցակարգերն ու միջոցները:

Արթուր Դավթյանն իր գործընկերոջը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ համոզվածություն հայտնել, որ հանդիպումը երկու երկրների դատախազությունների միջեւ համագործակցության նոր փուլի մեկնարկ կդառնա եւ կնպաստի երկու երկրների իրավապահ համակարգերի միջեւ համագործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես հարեւան երկրների դատախազական համակարգերի միջեւ գործակցության հեռանկարներին, այնպես էլ իրավական փոխօգնության ձեւավորված աշխատանքային պրակտիկայի բարելավմանն ուղղված կոնկրետ հարցեր: Մասնավորապես՝ քննարկվել է Հայաստանում կամ Իրանում քննվող քրեական գործերով դատավարական կարգավիճակ ունեցող՝ մյուս երկրի քաղաքացի հանդիսացող անձանց իրենց երկրում գտնվելու դեպքում տեսաձայնային եւ տեխնիկական սարքավորումների միջոցով հարցաքննելու տեխնիկական հնարավորությունների ստեղծման հեռանկարը, ինչը կնպաստի իրավասու մարմինների կողմից քրեական գործերով օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն ապահովելուն, ինչպես նաեւ երկու պետությունների քաղաքացիներին հնարավորություն կտա դատավարական կարգավիճակ ունենալու դեպքում առանց տեղափոխման հետ կապված ավելորդ անհարմարությունների արդյունավետ իրացնել իրենց իրավունքներն ու պարտականությունները:

Բացի այդ, գլխավոր դատախազները քննարկել են նաեւ քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու մասին միջնորդությունների կատարման ժամկետները հնարավորինս օպտիմալացնելու հարցը: Նշվել է, որ չնայած Սանկտ Պետերբուրգում կայացած ՀՀ եւ ԻԻՀ գլխավոր դատախազների հանդիպումից հետո այս բնագավառում արձանագրվել է դրական տեղաշարժ, սակայն առկա է վերջինս ավելի արագացնելու անհրաժեշտություն:

Քննարկված հարցերի շուրջ կողմերը ձեռք են բերել պայմանավորվածություններ:

Հանդիպման արդյունքում Արթուր Դավթյանը եւ Մոհամադ Ջաֆար Մոնթազերին ստորագրել են ՀՀ եւ ԻԻՀ գլխավոր դատախազությունների միջեւ 2019-2020 թվականների համագործակցության ծրագիր, որով նախատեսվում է մի քանի համատեղ միջոցառումներ անցկացնել Երեւանում եւ Թեհրանում: Դրանք վերաբերում են հանձնման եւ քրեական գործերով իրավական օգնության ցուցաբերման բնագավառում համագործակցության գործնական հարցերին, թմրամիջոցների մաքսանենգության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ինչպես նաեւ ապօրինի սահմանահատումների եւ ապօրինի միգրացիայի դեպքերով հարուցված քրեական գործերի քննությունների, հանցագործությունների արդյունքում ստացված ակտիվների հայտնաբերման,  առգրավման, բռնագրավման եւ արտերկրից վերադարձման ուղղություններով գործակցությանը եւ աշխատանքային փորձի փոխանակմանը: «Համոզված եմ, որ համագործակցության ծրագրի իրացման արդյունքում մեր պետությունների դատախազները, բացի միմյանց հետ գործնական եւ տեսական գիտելիքներ փոխանակելուց, առիթ կունենան անձնական շփումների միջոցով եւս զարգացնել երկու դատախազությունների միջեւ հետագա համագործակցությունը»-փաստաթղթի ստորագրման կապակցությամբ ասել է Արթուր Դավթյանը:

Այս համատեքստում ՀՀ գլխավոր դատախազը պարոն Մոնթազերիին հրավիրել է Հայաստան: