Նոյեմբերի 14-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը մասնակցեց եւ բացման ելույթով հանդես եկավ «Հայաստանի էներգետիկ շաբաթ 2018» միջոցառմանը։

Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանը նշեց, որ էներգետիկ շաբաթին մեծաթիվ շահագրգիռ ընկերությունների, ներդրողների, փորձագետների մասնակցությունը վկայում է այն նշանակալի հետաքրքրության մասին, որը ձեւավորվել է Հայաստանի էներգետիկայի ոլորտի նկատմամբ:

Փոխվարչապետի պաշտոնակատարը ասաց, որ Հայաստանի Հանրապետությունը չունենալով սեփական վառելիքաէներգետիկ ռեսուրսներ՝ մեծ կարեւորություն է տալիս վերականգվող էներգետիկայի ներուժի օգտագործմանը: Այս նպատակով կառավարությունը տնտեսության զարգացման առաջնահերթություններից է համարում վերականգնվող էներգետիկայի զարգացումը։  Սրան են ուղղված բոլոր քայլերը՝ ներառյալ օրենսդրական դաշտի բարելավումը, կանխատեսելի սակագնային քաղաքականությունը ու ներդրողների հետ տարվող աշխատանքները: Ստեղծվում է հարմարավետ միջավայր էներգետիկայի ոլորտում ներդրումների համար, ինչի արդյունքում էլ ավելի կբարձրանա երկրի էներգետիկ անվտանգության եւ անկախության մակարդակը:

Տիգրան Ավինյանի խոսքով՝ Հայաստանում հետեւում են  էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային զարգացման միտումներին, որպեսզի արդյունավետ կերպով իրացվեն մեր մրցակցային առավելությունները եւ տարածաշրջանի մյուս երկրների հետ փոխշահավետ համագործակցություն հաստատվի: Խոշոր ենթակառուցվածքային ծրագրերը, նոր էներգետիկ հզորությունների ստեղծումը ուղղված են վերը նշված նպատակին:

Այս առումով, շարունակվելու են Հայաստան-Իրան եւ Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի կառուցման ծրագրերը, որոնց գործարկումը զգալի  դրական ազդեցություն  կունենա երկրի տնտեսության զարգացման վրա:

Կառավարությունը ձեռնամուխ է եղել Հայաստանի էլէներգիայի շուկայի փուլային ազատականացման գործընթացին:  Էլէներգիայի շուկայի նոր եւ ազատական մոդելին անցումը թույլ կտա խոշոր սպառողների, էլեկտրաէներգիայի մատակարարների եւ թրեյդերների մուտքը շուկա, ինչը մրցակցային միջավայրի զարգացման ու ներդրումների ներգրավման համար հիմքեր կստեղծի: Ազատական շուկայի մոդելին անցումը հնարավորություններ կստեղծի միջպետական առեւտրի համար:

Փոխվարչապետի պաշտոնակատարը ընդգծեց, որ էներգախնայողությունը եւ էներգարդյուավետությունը եւս կառավարության քաղաքականության կարեւոր ուղղություններից են: Փաստացի, էներգախնայողության մեծ ներուժ ունեն Հայաստանի տնտեսության բոլոր բնագավառները, մասնավորապես՝ տրանսպորտը, արդյունաբերությունը, բազմաբնակարան շենքերը, բյուջետային հանրային հատվածը, վառելիքաէներգետիկ բնագավառը: Անհրաժեշտ է քայլ առ քայլ ներդնել եւ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ընդլայնել էներգախնայողության մշակույթը:

Վերջում Տիգրան Ավինյանը հավելեց, որ կայուն, խելացի էներգետիկան տնտեսության դինամիկ զարգացման կարեւորագույն պայմաններից մեկն է՝ ուղղված մարդկանց կյանքի բարելավմանը եւ կենսամակարդակի բարձրացմանը: Հայաստանի կառավարությունը բաց է համագործակցության համար եւ խրախուսում է ակտիվ երկխոսությունը եւ փոխգործակցությունը բոլոր ուղղություներով: